'

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8):

Շրջաբերական նամակ Դեկտեմբեր 2015

Սրտանց ողջունում եմ ձեզ Գործք 26:22 համարի խոսքերով. «Բայց քանի որ Աստված ինձ օգնում էր, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել, ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին» (Գործք 26:22): Ամե՛ն: Դա կատարվեց հատկապես Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, երբ իրա­կա­նացան հարյուրից ավելի մարգարեություններ, և կատարվում է հիմա, երբ իրականանում են վերջին մարգարեությունները: 

Մենք գիտենք, որ Աստված փրկության ծրագիր ունի, որի մասին հաղորդել է Իր մարգարեների միջոցով և որը Նա իրականացնում է փրկության օրվա ընթացքում, որում մենք ապրում ենք: «Որովհետև Զորաց Տերը որոշեց, և ո՞վ կարող է արգելել, և Նրա ձեռքը մեկնված է, և ո՞վ կարող է Նրան ետ դարձնել» (Ես.14:27):

Պողոսը կոչում էր ստացել (Գործք 9-րդ գլուխ), և դրանով նաև անմիջական պատասխատատվություն ուներ Աստծո առջև, որն արտահայտված է իր բոլոր թղթերում. «...Որովհետև ես Աստծո ողջ կամքը ձեզ հաղորդելուց հետ չքաշվեցի» (Գործք 20:27): Մեր ժամանակներում նույնպես Աստծո ողջ ծրագիրը նորից հաղորդվել է Աստծո կողմից հաստատված անոթի միջոցով և բացահայտվել է Սուրբ Հոգով: 

Համաձայն Աստծո խոստման, որը գրված է ինչպես Հին կտա­կա­րանում, այնպես էլ Նոր կտակարանում (Մաղաքիա 4:5, Մատթ.17:11), հավատարիմ Տերը, որպես երկնային Փեսա Իր գալստից առաջ մարգարե ուղարկեց, որ ամեն բան վերականգնի Իր Եկեղեցում և բերի սկզբնական վիճակին: 

Նայենք Աստծո կողմից կոչման և հանձնարարության աստվածաշնչյան օրինակին

Մովսեսը կարող էր ասել. «Ինձ ԵՍ ԵՄ-ն է ուղարկել ձեզ մոտ (Ելից 3:14), որովհետև Տերը նրան անձամբ ասել էր. «Ուստի արի՛ հիմա, և քեզ Փարավոնի մոտ ուղարկեմ...» (Ելից 3:10-12,Գործք 7:34): 

Տիրոջ այս հարցին՝ «Ու՞մ ուղարկեմ», Եսային պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայի 6:8): Երեմիային Նա ասաց. «Մի՛ ասա, թե մանուկ եմ, այլ ուր քեզ ուղարկեմ՝ գնա, և ամեն բան, ինչ քեզ պատվիրեմ՝ խոսիր» (Երեմիա 1:8):

Տերը Պետրոսին ուղարկեց ճանապարհ ընկնել, «որովհետև Ես քեզ հեռու, հեթանոսների մեջ եմ ուղարկելու» (Գործք 22:21), նրանց աչքերը բացելու համար» (Գործք 26:17-18): Դա կա­տարվեց քարոզչության միջոցով: 

Հովհ.13:20-ում Տեր Հիսուսը շեշտում է. «Ով որ ընդունի նրան, ում Ես կուղարկեմ, Ինձ է ընդունում, իսկ Ինձ ընդունողը Ինձ ուղարկողին է ընդունում»: Հովհ.20:21-ում հարուցյալ Տերն ասաց Իր աշակերտներին. «Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում»

Տերն Ինքը, որպես Մարդու Որդի, Հովհ. 4:34-ից մինչև Հովհ. 7:8 համարը քսան անգամից ավելի վկայում է, որ Ինքն ուղարկված է: 

Վկայակոչելով Իր գալուստը՝ Տերն ասում է Մաղաքիա .3:1 համարում. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առաջին»: Իսկ Մաղաք.4:5-ում գտնում ենք այս խոստումը. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն...»

Իր 1200 քարոզներում Բրանհամ եղբայրը 200 անգամից ավելի վկայակոչում է Մաղաք.4:5 համարը, որտեղ Տերն Ինքն ասում է, «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ...» (Մաղաք.4:5): Այս համարում գրվածն իրականացավ մեր ժամանակներում: Այս խոստացված ծառայու­թյան միջոցով պետք է վերականգնվի ամեն բան, ինչ եղել է սկզբնական Եկեղեցում, թե՛ վարդապետությամբ, թե՛ գործերով, ինչպես Տերն այդ հաստատեց Մատթ. 7:11 համարում. «Ճշմարիտ է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի»

Հովհաննես Մկրտիչը նույնպես գիտեր, թե Աստծո որ խոսքն է իրեն վերաբերում: Դրա համար կարողացավ ասել. «Ես անա­պատում կանչողի ձայնն եմ՝ «Տիրոջ ճանապարհն ուղղեցեք», ինչպես որ Եսայիա մարգարեն ասաց»: (Հովհ. 1:23): Մատթ.11:10 համարում Տերն Ինքն ասում է նրա ծառայության մասին. «Որով­հետև սա նա է, որի համար գրված է. «Ահա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի»

Այս շարադրանքում չի խոսվում այն ծառայությունների մասին, որոնք Աստված դրել է եկեղեցում՝ առաքյալներ, մարգարեներ, հովիվներ, վարդապետներ և ավետարանիչներ, ոչ էլ երեցների և սարկավագների մասին, եկեղեցում Սուրբ Հոգու պարգևների մասին, այլ խոսվում է վերջին հանձնարարության, վերջին պատ­գամի մասին, որը պետք է քարոզվի ոչ միայն տեղական Եկե­ղեցում, այլև ողջ աշխարհում, որպեսզի Հիսուս Քրիստոսի Եկեղե­ցին վերադառնա սկզբնական վիճակին: 

Ինչպես, որ Հովհաննես Մկրտիչը կարող էր վկայել. «Եվ ես չգիտեի Նրան, բայց Նա, ով Ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց...» (Հովհ. 1:33), նույն վստահությամբ Բրանհամ եղբայրը կարող էր վկայել այն, ինչ իրեն ասվել էր 1933 թվականի հունիսի 11-ին. «Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու կու­ղարկվես մի պատգամով, որը կնախորդի Քրիստոսի երկրորդ գալստին»: Նա կարող էր վկայել իր անմիջական լիազորության մասին և 1946 թվականի մայիսի 7-ին ունեցած գեր­բնական փոր­ձա­ռության մասին, երբ նա նշանակվեց ծառա­յության: Հրեշտակը, որը գերբնական լույսով մտավ սենյակ, կանգ­նեց նրա առաջ և ասաց. «Մի՛ վախեցիր, ես ուղարկվել եմ քեզ մոտ Ամենակարող Աստծո կողմից»: Հրեշտակը նրան հանձնա­րարություններ տվեց և ասաց. . «Ինչպես որ երկու նշան տրվեց Մովսեսին, այնպես էլ քեզ կտրվի երկու նշան»: Դա գերբնական ծառայություն էր՝ հաս­տատված արտասովոր բժշկու­թյուններով: Բժշկության հրաշքները մարդկանց ուշադրությունը պետք է ուղղեին Աստծո վրա և այն պատգամի վրա, որը նա պետք է բերեր: 

Մենք արդեն բավական խոսել և գրել ենք Բրանհամ եղբոր առանձնահատուկ ծառայության մասին: Որպես ականատես և վկա՝ կարող եմ վկայել, որ մեր ժամանակներում Աստված նրան օգտագործել և օրհնել է որպես ավետարանիչ և մարգարե ինչպես ուրիշ ոչ ոքի: 

Հիմա այլևս 1933-1946 թվականների ժամանակահատվածում չենք, ոչ էլ 1946-1965 թվականների ժամանակահատվածում, որոնց ընթացքում Աստծո այս մարդը ճանաչված էր իր արթնու­թյան և բացառիկ բժշկությունների հավաքույթներով, որոնք նա անցկացրել է տասներկու երկրում: Հիմա խոսքը այն հատուկ ժա­մանակաշրջանի մասին է, որում մենք ենք ապրում: Աստված Իր փրկության ծրագիրը սահմանել է հավիտենությունից ի վեր և իրականացնում է այն մինչև վերջ Իր կամքի համաձայն: Հով­հաննես Մկրտչի ծառայությունն ավարտվեց մեզ համար ան­ըմբռնելի ձևով՝ գլխատումով (Մատթ. 14:1-12): Բրանհամ եղբայրը մահացավ 1965 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ հարբած վա­րոր­դի պատճառով ավտովթարի զոհ դարձավ: Աստված սխալ­ներ չի անում: Հասկանանք մենք դա, թե ոչ, ավարտվեց Բրանհամ եղբոր ծառայությունը, բայց ոչ Հարս-Եկեղեցու դուրս գալու կանչն ու պատրաստությունը: Պատգամը պետք է տարածվեր աշխարհով մեկ և հասներ բոլոր ժողովուրդներին, լեզուներին և ազգերին: 

Ուր որ ինձ տանի, ես Նրան կհետևեմ

Ինձ միշտ հարցնում են, հատկապես ծառայող եղբայրները, թե երբ եմ ես ծանոթացել Բրանհամ եղբոր հետ և որ փորձա­ռու­թյուններն են ամենակարևորը եղել ինձ համար: 

1949 թվականին հայտնի քարոզիչ Դեյվիդ Դյուպլեսիսը հարա­վային Աֆրիկայից, և Լոս Անջելեսից (ԱՄՆ) մի մարդ Հոլ Հերման անունով, որն աղոթում էր հիվանդների համար, քարոզում էին «Ելիմ» հոգեգալստական եկեղեցու հավաքույթների ժամանակ, որի հովիվը քարոզիչ Փոլ Ռաբեն էր, Համբուրգից: Առաջին անգամ Հոլ Հերմանից լսեցի Ուիլյամ Բրանհամի անունը արտասովոր բժշկության պարգևի հետ կապված:

1951 թվականին մասնակցեցի ազատ հոգեգալստականների հա­վաքույթներին Համբուրգում, Էմսբուտելեր փողոցում, հովիվ Օսկար Լարդոնի մոտ: Այս եկեղեցում քարոզում էին նաև Նյու Յորքում բնակվող մի գերմանա-ամերիկացի Հանս Վալդվոգել անու­նով և Շվեյցարիայում բնակվող մի ամերիկացի՝ Ռիչարդ Ռուֆ անունով, որոնք նույնպես հիշատակեցին Ուիլյամ Բրանհամին՝ բժշկության և մարգարեության բացառիկ պարգևի հետ կապված: Այդ ժամանակ ամենուրեք տարածվում էր բժշկության համաշ­խար­հային արթնությունը, որը սկսվել էր Ուիլյամ Բրանհամի միջոցով: 

1953 թվականին «Mehr-Licht» հրատարակության տնօրեն Ալբերտ Գոթզից ստացա «Ուիլյամ Բրանհամ՝ Աստծուց ուղարկված մարդ» գրքի գերմաներեն թարգմանությունը: Հեղինակը ամերի­կացի Գորդոն Լինդսեյն է Տեխաս նահանգի Դալաս քաղաքից: Այն, ինչ գրված էր այդ գրքում, ինձ վրա խորը տպավորություն թողեց: 

Երբ ես իմացա, որ Ուիլյամ Բրանհամը պատրաստվում էր հա­տուկ հավաքույթներ անցկացնել Կարլսրուհե քաղաքում 1955 թվա­կանի օգոստոսի 12-19-ը, ինձ համար պարզ էր, որ պետք է մասնակցեմ: Այնտեղ առաջին անգամ վկա և ականատես եղա նրա զորավոր ծառայության: Այն, ինչ կատարվել էր մեր Տիրոջ մար­գարեական ծառայության ժամանակ, կրկնվում էր մեր աչքերի առջև: Ինչպես Նա կարողացավ ասել Նաթանայելին՝ «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ Ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր», և Պետրոսին՝ «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին» (Հովհ.1-ին գլուխ), կամ ջրհորի մոտ կանգնած կնոջը, երբ պատմեց նրա կյանքը (Հովհ. 4-րդ գլուխ), նույնը կատարվում էր Բրանհամ եղբոր մար­գարեական ծառայության մեջ: Երբ աղոթում էր հիվանդների հա­մար, Բրանհամ եղբայրը տեսիլքով տեսնում էր բաներ, որոնք հնա­րավոր չէր իմանալ, այն մարդու վերաբերյալ, ում համար աղոթում էր: Երբ նա ասում էր, թե ինչ է տեսել, հիվանդի հավատքն այնքան էր զորանում, որ այդտեղից գնում էր բժշկված: Մար­գարեական տեսիլքների պարգևի հետ կապված նա վկայակոչում էր Հովհ. 14:12 համարը. «...նա, ով հավատում է Ինձ, գործերը, որ Ես անում եմ, Ինքն էլ պիտի անի», նաև Հովհ. 5:19 համարը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս…» (Հովհ.5:19): Մարդու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, խոստացված մարգարեն էր (2 Օրինաց 18:18): Ինչպես Նա, Բրանհամ եղբայրն էլ տեսիլքով տեսնում էր բաներ, որոնք վերաբերում էին այն մարդկանց, ում հետ խոսում էր: 

Բոլորս տպավորվել էինք գերբնական և հաստատված մարգա­րեական ծառայությամբ, որովհետև մեր աչքերի առջև կույրերը տեսողություն էին ստանում, խուլերը լսում էին, անդամալույծները քայլում էին: Տեսնում էինք, որ Հիսուս Քրիստոսը հիմա էլ նույնն է, ինչպես այն ժամանակ, երբ քայլում էր երկրի վրա (Եբր. 13:8): Հենց առաջին հավաքույթից ես գիտեի, որ նա Աստծուց ուղարկ­ված մարդ է, որովհետև ոչ ոք չէր կարող այդ բաներն անել, եթե Աստված նրա հետ չլիներ: Բնականաբար, ես շատ էի փափագում անձամբ ծանոթանալ Աստծո այդ մարդու հետ: 

Այդ առիթն ունեցա 1955 թվականի օգոստոսի 15-ին, երկու­շաբթի օրը: Նախկինում երբեք չէի տեսել այդպիսի խոնարհություն և անկեղծություն: Երբ ես կանգնած էի հյուրանոցի ընդունարանի կողքին, Բրանհամ եղբայրը մտավ նախասրահ, նայեց ինձ և աջ ձեռքը բարձրացնելով ասաց. «Դու Ավետարանի քարոզիչ ես, քո կինը կանգնած է մուտքի մոտ»: Հետո ձեռքս սեղմեց և կարճ զրույց ունեցավ ինձ հետ: Այդ փորձառությունը այնքան խորը տպա­վո­րու­թյուն թողեց ինձ վրա, որ ես ուզում էի էլի հաղորդակցվել Աստծո այդ մարդու հետ: 

Այդ պատճառով առիթից օգտվեցի, որ մասնակցեմ 1958 թվա­կանի հունիսին Թեքսասի Դալաս քաղաքում տեղի ունեցող «Voice of healing» մեծ համաժողովին: Առավոտյան և ցերեկվա հավա­քույթ­ներին քարոզում էին համաշխարհային ճանաչում ունեցող շատ ավետարանիչներ, իսկ երեկոյան հիմնական քարոզիչը Բրան­համ եղբայրն էր: Ես ուզում էի իմանալ նրա ծառայության մասին, որովհետև այն տարբերվում էր մյուսների ծառայությունից: Նա պատասխանեց. «Ես մի պատգամ ունեմ, որը դու պետք է տանես»: Մեր զրույցի վերջում նա ասաց. «Ֆրանկ եղբայր, դու Գերմանիա կվերադառնաս այս պատգամով»: Երկու տարի առաջ ես Կանադա էի գնացել կնոջս հետ, այնտեղ տուն էի գնել և մտադիր էի ընդմիշտ մնալ այնտեղ: Այնուամենանայնիվ, ես այս խոսքերն ըն­դու­նեցի որպես ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Այդպես հաջորդ տարվա օգոստոսին մենք արդեն վերադարձել էինք Գերմանիա: Դալասում մեր զրույցի ժամանակ Բրանհամ եղբայրն ինձ խնդրեց գնալ Լեո և Գենե եղբայրների մոտ, որոնք ձայնագրում էին նրա քարոզները: Ես նրանցից վերցրեցի հինգ ձայներիզ և նրանց տվեցի իմ հասցեն: 1958 թվականի հունիսի 12-ի՝ «Մենք ուզում ենք տեսնել Հիսուսին» վերնագրով քարոզի սկզբում Բրանհամ եղբայրն անդրադարձավ մեր զրույցին և ասաց. «Քիչ առաջ Գերմանիայից մի եղբայր ողջա­գուրեց ինձ: Այնտեղ ամեն երեկո ունեցել ենք մեկ երեկոյի ընթաց­քում տասը հազար ապաշխարության դեպքեր, հիսուն հազար՝ մեկ երեկոյի ընթացքում»: 

Այդ ժամանակվանից Բրանհամ եղբոր քարոզների բոլոր ձայ­ներիզներն ուղարկվում էին ինձ: Այդպես ես հետևել եմ իր ծա­ռա­յությանը առանց դադարի, մինչև վերջ: 1959 թվականի դեկտեմ­բերին ես սկսեցի թարգմանել նրա քարոզները Կրեֆելդում մի փոքրիկ աղոթքի խմբի մեջ: 1963 թվականի նոյեմբերի 28-ին նա ասաց հավաքույթի ժամանակ. «Ձայներիզներով ծառայու­թյունը տարածված է ամբողջ աշխարհում: Կարծում եմ, որ այդ ձևով Աստված պատգամը տանում է հեթանոսական երկրներ: Այնտեղ դրանք թարգմանվում են: Գերմանիայում այդ ձայներիզ­ները տա­նում են հավաքույթի, որտեղ հարյուրավոր մարդիկ են հավաքված: Դնում են ականջակալները և միացնում ձայներիզը: Այսպես քարոզիչը կանգնում է հարյուրավոր մարդկանց առջև և թարգմա­նում է իր լեզվով այն, ինչ ես ասում եմ»: 

Ամենակարևոր փորձառությունները

1962 թվականի ապրիլի 2-ին ծառայության կանչվելուս և հանձ­նարարություն ստանալուս առանձնահատուկ փորձառու­թյանս մա­սին գիտեն բոլորը: Արդեն իսկ 1952 թվականից քարո­զում էի, որովհետև զգում էի, որ կանչված եմ այդ անելու: Բայց այդ օրը ես լսեցի Աստծո թափանցող և հրամայական ձայնը, որն ասաց այս խոսքերը. «Իմ ծառա, այս քաղաքում քո ժամանակը շուտով կվերջանա: Ես քեզ կուղարկեմ ուրիշ քաղաքներ՝ քարոզելու Իմ Խոսքը»: Ես պատասխանեցի. «Տեր, նրանք ինձ չեն լսի, նրանք ամեն բան առատորեն ունեն»: Այդ ժամանակ Տերն ինձ պատասխանեց. «Իմ ծառա, կգա ժամանակ, երբ կլսեն քեզ: Կերակրի պաշար հավաքիր, որովհետև մեծ սով է լինելու: Այն ժամանակ կկանգնես ժողովրդի մեջ և կերակուր կբաժանես»: Դրան հետևեց պատվերը. «Իմ ծառա, մի՛ հիմնիր որևէ տե­ղական եկեղեցի և մի՛ հրատարակիր երգարան, որովհետև դա հարանվանության նշան է»

Ու քանի որ նշվել էին սննդամթերքներ՝ կարտոֆիլ, ալյուր, ձեթ, մենք սկսեցինք պաշար հավաքել նկուղում: Մենք սպասում էինք մեծ աղետի, քանի որ այդ ժամանակ էր Բեռլինի ճգնաժամը, Կուբայի ճգնաժամը, և սառը պատերազմը հասել էր գագաթ­նա­կետին: 1961 թվականի օգոստոսին կառուցվեց Բեռլինի պատը, և Արևելյան ու Արևմտյան Գերմանիայում, ինչպես նաև ողջ Եվրո­պայում բոլորը լարված սպասում էին, թե ինչ է լինելու հետո: 

Քանի որ ամիսներ անցան ու ոչ մի սով չեղավ, ես այնպիսի ներքին հուսահատության մեջ էի, որ այլևս չէի ուզում քարոզել: Նոյեմբերին զանգահարեցի Բրանհամ եղբորը և համառորեն հան­դիպում խնդրեցի: Դա տեղի ունեցավ 1962 թվականի դեկտեմ­բերի 3-ին, Ֆրեդ Սոթման և Բենքս Վուդ եղբայրների ներկայու­թյամբ: Ես նստած էի սեղանի մոտ, Բրանհամ եղբոր դիմաց, և նկատեցի, որ նա տեսիլք է տեսնում, քանի որ մի փոքր փակում էր աջ աչքը: Այդ անելով՝ նա ճշգրիտ կերպով կրկնեց իմ կանչվելու բառերը: Այնուհետև բացատրեց ինձ, որ խոսքը մարմնավոր կերակուրի և սովի մասին չէր, ինչպես ես ենթադրել էի, այլ այս ժամանակի համար խոստացված Խոսքի՝ հոգևոր կերակուրի, որի պաշարը պետք է հավաքեի: 

1962 թվականի ապրիլի մեկի իր քարոզում նա ասում է, որ իրեն պատվիրված է կերակրի պաշար հավաքել Ջեֆերսոնվիլում: Դա կատարվում էր քարոզների միջոցով, որոնք ձայնագրվում էին ձայներիզների վրա: Դրա համար ինձ ուղարկվում էր յուրա­քանչյուր քարոզը: Նաև ինձ ասաց, որ սպասեմ կերակուրը բաժա­նելու համար (ոչ թե քարոզելու հանար), մինչև ստանամ մնացածը: Վերջում ինձ հարցրեց, թե կարող եմ արդյոք իր փոխարեն քարո­զել քրիստոնյա գործարարների հավաքույթին, Դեմոս Շա­քարյանի մոտ, Լոս Անջելեսում, որովհետև ինքը պատրաստվում էր տե­ղափոխվել Թուսոն, Արիզոնայի նահանգ: Ու քանի որ վերա­դարձիս թռիչքը նախատեսվում էր Լոս Անջելեսով, ես սիրով համաձայնեցի: 

Ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես անձնական հաղորդակցություն եմ ունեցել Բրանհամ եղբոր հետ, եղել եմ նրա տանը, ճաշել եմ իր հետ, նստել եմ իր մեքենան: Նաև ինձ համար թանկ հիշողություն են մեր հեռախոսային զրույցները և նրա կողմից գրված 23 նամակները, որոնցից առաջինը գրվել է 1955 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ վերջինը՝ 1965 թվականի սեպտեմ­բերի 30-ին: Բայց ամենակարևորը եղել է հոգևոր կապը, որը սահմանել էր Աստված: 

Ինչպես բոլոր նրանց համար, ովքեր մտերիմ են եղել Բրանհամ եղբոր հետ, ինձ համար նույնպես մեծ ցնցում էր նրա հան­կարծակի մահը, թեև ես նրան տեսիլքով տեսել էի 1965 թվականի դեկտեմբերի 24-ին ամպով վեր բարձրանալիս: Իր թաղումից մեկ օր առաջ, որը տեղի ունեցավ 1966 թվականի ապրիլի 11-ին, ես կարողացա մեկ անգամ ևս տեսնել Բրանհամ եղբորը թաղման բյուրոյում: Առանց տեսանելի վերքերի նա պառկած էր դագաղում թեթև ժպիտը դեմքին: Գերեզմանոցում առաջնորդող եղբայրը սգացող եկեղեցուն դիմեց հետևյալ խոսքերով. «Մենք այստեղ ենք եկել մարգարեի հարության համար»: 1966 թվականի Զատկի կի­րա­կի օրը հավաքված մարդիկ հույս ունեին, որ նա հարություն է առնելու: Բայց դա տեղի չունեցավ, և նրա աճյունը դրվեց գերեզ­ման, մինչ բոլորը երգում էին. «Միայն հավատա, միայն հավա­տա»: Իսկ ես այն տպավորությունն ունեի, որ իմ հոգևոր աշխարհն ու Բրանհամ եղբոր ծառայության հետ կապված հույսերը խոր­տակ­վել էին: Բայց երբ վերադարձա հյուրանոցի իմ սենյակը, մի խորը խաղաղություն համակեց ինձ և լսեցի սրտիս մեջ. «Այժմ եկել է քո ժամանակը, որ գնաս քաղաքից քաղաք, երկրից երկիր և տանես պատգամը»: 

Հաջորդ երկու օրերին՝ ապրիլի 12-ին և 13-ին ես եղբայրներին հավաքեցի Ջեֆերսոնվիլում: Ուրիշ վայրերից եկած բոլոր մյուս եղբայրները հիասթափված վերադարձել էին տուն թաղումից հե­տո, բացի Լի Վեյլ եղբորից, որը գրել է «Եկեղեցու յոթ շրջանները» գիրքը: Մինչ այդ, անգլերեն լեզվով կար միայն Եկեղեցու շրջան­ների մասին գիրքը և մի գրքույկ «Լավոդիկեի ժամա­նակաշրջանը» վերնագրով, ինչպես նաև «Քսաներորդ դարի մարգարե» և «Մի մարգարե է այցելում հարավային Աֆրիկա» գրքերը: Բրանհամ եղբոր քարոզներից ոչ մեկը դեռ չէր տպագրվել, և ոչ ոք մտադիր չէր տպագրել: Ես առաջարկեցի, որ այդ գործի պատասխա­նատվությունն իր վրա վերցնի Ռոյ Բորդըրս եղբայրը, որը եղել է Բրանհամ եղբոր գործավարը և որին անձամբ ճանաչում էի: Մենք պայմանավորվեցինք, որ ձայներիզների վրա ձայնագրված քա­րոզ­ները տպագրվեն և հրատարակվեն գրքույկ­ների տեսքով, որպեսզի թարգմանվեն այլ լեզուներով: 

Անգլերեն լեզվով հրատարակված իմ առաջին գրքույկում, որի վերնագիրն էր «Only believe the Thus Saith the Lord», ես ներ­կայացրել եմ Բրանհամ եղբոր ծառայությունը: 85000 ընդհա­նուր տպաքանակով գրքույկներ ուղարկվեցին Ջեֆերսոնվիլի հասցեով բոլոր այն երկրները, որոնցում ես քարոզել եմ: Այդպես բոլոր նրանք, ովքեր հետաքրքված էին անգլերեն տպագրված քարոզ­ներով, կարող էին պատվիրել Միացյալ Նահանգներից: Կրեֆել­դում նաև սկսեցինք թարգմանել և ուղարկել գերմաներենով հրատարակված քարոզները: 

1966-67 թվականներին ես արդեն հավաքույթներ էի անցկացրել արևմտյան Եվրոպայի քսանհինգ երկրներում: Այդ հավաքույթների ժամանակ իմ հրավերով Փիրի Գրին եղբայրը նույնպես վկայեց այն ամենի մասին, ինչ ապրել էր Բրանհամ եղբոր հավաքույթների ժամանակ: Այնուհետև եղբայրները սկսեցին թարգմանել նաև ուրիշ լեզուներով: Այսպես մարգարեի հեռանալուց հետո պատ­գամի բանավոր տարածումը համալրվեց տպագրված քարոզների առաքումով: 1968 թվականից ես քարոզել եմ նաև ողջ արևելյան Եվրոպայում, ներառյալ Մոսկվան: Այնուհետև ավելացան Կահի­րեն, Դամասկոսը, Բեյրութը և շատ ուրիշ քաղաքներ բոլոր մայր­ցա­մաքներում, որտեղ ես առիթ ունեցա տանելու աստվածաշնչյան պատգամը: Առատորեն օրհնված տասնչորս տարիներ անցան Աստծո անմիջական առաջնորդությամբ և շատ պտուղ բերեցին Աստծո թագավորության համար: 

Հետո եկավ 1979 թվականը, երբ դժոխքի բոլոր ուժերը բարձ­րացան, որ կործանեն ինձ և Աստծո գործը շատ ծանր զրպարտու­թյուններով ու միտումնավոր վարկաբեկումով: Չարա­խոսում էին նույնիսկ աստվածային կանչի վերաբերյալ՝ այն կասկածի տակ դնելով: Միայն Աստծո շնորհքի և ողորմության շնորհիվ է, որ թշնամուն չհաջողվեց կործանել Աստծո գործը: 

Մի նոր գլուխ սկսեց գրվել, որում հայտնի դարձավ երկու տարբեր սերմերի գոյությունը՝ մեկը գալիս է Խոսք-Սերմից, մյուսը՝ մոլորությունից: Երկուսն էլ աղոթում են Աստծուն Կայենի և Աբելի նման, երկուսն էլ երգում են նույն հոգևոր երգերը: Բայց տարբերությունն ակնհայտ է. ոմանք զրպարտում են, մյուսները՝ զրպարտության ենթարկվում, ոմանք ատում են, մյուսները՝ ատե­լություն ստանում և այլն: 

Այս սխալ ազդեցության պատճառով խառնաշփոթություն ու բաժանումներ եղան, այնպես, որ որոշ վայրերում հայտնվեցին մի քանի «պատգամի եկեղեցիներ»: Բաժանումը երբեք չի կարող լինել Աստծո կողմից դրված ծառայության միջոցով: Սխալ ներ­գոր­ծության տակ եղողների և սեփական ուսմունքները բերող­ների տարբերիչ նշանն այն է, որ նրանք աշակերտներին տանում են իրենց ետևից (Գործք 20:30): Իրենց սեփական ուսմունքներն արդարացնելու համար նրանք թաքնվում են մարգարեի հետևում, որին միշտ առաջ են մղում: Նրանք պնդում են, որ «բոլորն Աստվածաշունչ ունեն, բայց ոչ ոք չի հասկացել»: Այդպիսով, մար­գարեի ասածները չեն փնտրում Աստվածաշնչում և չեն դասա­վորում ըստ Աստվածաշնչի, այլ Աստվածաշնչից վեր են դասում, թեև տասնյակ անգամներ մարգարեն շեշտել է Հայտ­նության 22-րդ գլխի խոսքերը. «Եվ եթե մեկն այս գրքի մար­գարեության խոս­քերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից»:

Ոչ ոք իմ չափ շնորհակալ չէ Բրանհամ եղբոր ծառայության համար, ծառայություն, որը նման է եղել մեր Տիրոջ ծառայությանը: Ուիլյամ Բրանհամ մարդը մի ընծայված անոթ էր, որին օգտա­գործում էր Տերը: Անսխալականությունը և իր ծառայության մեջ եղած գերբնական բաները պետք է վերագրվի միմիայն Աստծուն: Դրա համար միայն Աստծուն է պատկանում ողջ փառքը, գոհու­թյունը և երկրպագությունը Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Բայց մարգարեական ծառայության հետ կապված է նաև վարդապետի ծառայությունը, որպեսզի ամեն բան կարգի դրվի աստվա­ծաշնչ­յան ձևով, Աստծո փրկության ծրագրի համաձայն: Տիրո՛ջ որոշումն է եղել, որ ես բերեմ բացահայտված Խոսքը որպես վերջին պատ­գամ: Ես դա չեմ ուզել և չեմ խնդրել: Այնուա­մե­նայնիվ պետք է ևս մեկ անգամ ասվի՝ ինչպես չէր կարող պատգամ լինել առանց պատգամաբերի, այնպես էլ առանց Աստծո այս հանձ­նարարու­թյան աշխարհը երբեք չէր իմանա պատգամի մասին:

Արդեն 50 տարի է, որ Բրանհամ եղբայրը երկրի վրա չէ, ուստի նա չի կարող, ինչպես սխալմամբ կարծում են, նախորդել Քրիս­տոսի երկրորդ գալստին, որին մենք սպասում ենք: Բայց նրա քա­րո­զած աստվածաշնչյան պատգամը հաղորդվում է բոլոր ազ­գե­­րին: Տերը վերցրեց Իր պատգամաբերին, բայց պատգամը շարու­նակ­վում է տարածվել աշխարհով մեկ: Պատգամն այն է, ինչ գրված է Աստծո Խոսքում, ոչ թե Բրանհամ եղբոր ասածների շուրջ մեկնությունները: 

Անկասկած, նա մինչև վերջ մեծ ակնկալիքներ ուներ, սպասում էր այն բաներին, ինչ Աստված անելու է, և մենք կտեսնենք այն բա­ների իրականացումը, որոնք Աստված խոստացել է Իր Խոսքում: Մեջբերում. «Եկեղեցում այնպիսի զորություն կլինի, որն այդ ժա­մանակ կիջնի: Սուրբ Հոգին այդպես կօծի մարդ­կանց: Նրանք կասեն Խոսքը, և Խոսքը կգործի արար­չական զորու­թյամբ: Եկեղեցին կլինի այնպիսի վիճակում, որ Սուրբ Հոգու լեցունության զորությունը կմտնի Եկեղեցի: Դա կտևի կարճ ժամանակ: Ուշադրություն դարձրեք. դա երկար չի տևի, բայց կատարվելու է»: (13.03.1960) 

Մեջբերում. «Բայց երբ այդ ժամանակը գա, երբ ճնշումը լի­նի, այն, ինչ հիմա տեսել եք որոշ ժամանակով, կդրսևորվի ողջ զորությամբ»: (Դեկտեմբերի 29, 1963)

Ինչպես Հեսուի ժամանակ է ասվել, այդպես կլինի նաև վերջում, «Ոչ մի բան չպակասեց այն ամեն բարի բաներից, որ Եհովան Իս­րայելի տան համար խոսել էր, բոլորը կատարվեց» (Հեսու 21:45): 

Ուխտի տապանակը և լանջապանակը 

Ելից 25-րդ գլխում տեսնում ենք Ուխտի տապանակի ճշգրիտ նկարագրությունը: Դրա տեղը Սրբության Սրբոցում էր, որովհետև այնտեղ էր գտնվում Աստծո բացահայտված Խոսքը: «Եվ քավո­ւ­թյու­նը տապանակի վրա պետք է դնես վերևից. և տապանակի մեջ դնես այն վկայությունը, որ քեզ կտամ» (Ելից 25:21): Ուխտի տապանակը մեծ կարևորություն ուներ Իսրայելի ժողովրդի հա­մար, որովհետև դրա մեջ էին Ուխտի ժողովրդին տրված պատ­վի­րանները: Աստծո Խոսքը Ուխտի վկայությունն էր, որն Աստված արել էր Իր ժողովորդի հետ (3 Թագ. 8:21): 

Ո՛չ գավիթում, ո՛չ Սրբարանում, այլ Սրբության Սրբոցում, Ուխ­տի տապանակի մոտ էր Տեր Աստված խոսում Իր ծառա Մովսեսի հետ: «Եվ Ես կհանդիպեմ քեզ այնտեղ և քավության վրայից, վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղից կհաղորդակցվեմ քեզ հետ՝ ամեն ինչ, որ քեզ պատվիրել եմ Իսրայելի որդիների վերաբերյալ» (Ելից 25:22): 

Ինչպես քահանայապետը զոհի արյունը բերում էր Ուխտի տա­պանակի քավության վրա (Ղևտ. 16:14), որպեսզի քավության օրը ժո­ղովրդի բոլոր մեղքերը ներվեն (Ղևտ. 16:17), այնպես էլ մեր Փրկի­չը, որպես Աստծո Գառ մորթվեց, որպես Զոհ մեր մեղքերի հա­մար, և Իր արյունով մտավ երկնային Սրբարանը՝ դնելով այն Ուխ­տի տապանակի վրա՝ այդպիսով դատաստանի աթոռը դարձ­նե­լով շնորհաց աթոռ: «...Այլ բուն Իր արյունով մեկ անգամ այն սրբա­տե­ղին մտավ ու հավիտենական փրկություն ստացավ» ( Եբր. 9:12): 

Մեռնելիս Փրկիչն աղաղակեց. «Ամեն բան կատարվեց» (Հովհ. 19:30): Աստված Ուխտ կնքեց մեզ հետ, բացվեց ճանա­պարհը դե­պի Սրբության Սրբոց: «Որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար» (Մատթ.26:28): 

Խոստումի երկիրը մտնելիս ժողովուրդը գնում էր Ուխտի տա­պանակի հետևից, որը տանում էին քահանաները: Հորդանանի ջրերը կտրվեցին, երբ Խոսքը կրողները, Աստծո խոստումին հա­վատալով, իրենց ոտքերը դրեցին Հորդանանի ջրի մեջ և մտան խոստումի երկիրը (Հեսու 3–րդ գլուխ): Նույնիսկ Երիքովի պա­րիսպ­ները քանդվեցին, երբ ժողովուրդը հետևեց Ուխտի տա­պանակին Տիրոջ Խոսքի համաձայն:  

Ուխտի տապանակը և այն ամենը, ինչ պատկանում էր Սրբա­րանին և Սրբության Սրբոցին, պետք է պատրաստված լինեին ճիշտ Աստծո կարգադրության համաձայն: 

«Եվ տես, որ ըստ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի շինես այն» ( Ելից 25:40): 

«Այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն ամբողջ գործն այդպես կատարեցին» (Ելից 39:42):

Տաճարի բացման ժամանակ «...քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան և տեղադրեցին իր տեղում...» (1Մնաց. 5:7): Երբ երկինք բարձրացավ Սողոմոնի աղոթքը ժողովրդի փառաբանության հետ, Տիրոջ փառքը լցրեց տունը: 

Այստեղ դաս կա՝ Աստված ամեն բան կարգի է դրել Իր Ուխտի ժողովրդի հետ, և Իր ձայնը շնորհաց աթոռից հասնում էի Իր ծա­ռային, որն էլ փոխանցում էր ժողովրդին: Անդադար, նաև տաճարի բացման ժամանակ, Աստված զգուշացնում էր Իր ժողովրդին, որ չհեռանան Իրենից և Իր Խոսքից: 

Դժբախտաբար հետագայում դպիրները մոլորեցրին Աստծո ժո­ղովրդին իրենց սեփական մեկնություններով, դրա համար մար­գարեն նրանց հանդիմանեց. «Ինչպե՞ս եք ասում. «Մենք իմաս­տուններ ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է»: Հիրավի, ստող դպիրը ստող գրչով գրեց այն: Իմաստուններն ամոթահար եղան, զարհու­րեցին ու բռնվեցին. ահա, մերժել են Տիրոջ Խոսքը, ի՞նչ իմաս­տություն կա նրանց մեջ» (Երեմիա 8:8,9):

Նույնը բանը կատարվեց նորկտակարանյան եկեղեցու շրջա­նում և մեր ժամանակներում նույնպես: Արդեն այն ժամանակ Պո­ղոս առաքյալը զգուշացրել էր. «Բայց չար և խաբեբա մարդիկ ավե­լի ու ավելի պիտի խորանան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մո­լորվելով... իրենց ականջները ճշմարտությունից հետ կդարձնեն ու առասպելների հետևից գնալով կմոլորվեն » (2 Տիմոթեոս 3:13 +4:4):

Լույս և Ճշմարտություն

Այժմ հասնում ենք երկրորդ կետին: 

Ելից 29-րդ գլխում մանրամասն նկարագրվում է քահանաների հաստատումն իրենց ծառայության մեջ: Վկայության խորանի մուտքի մոտ պետք է խոյ զոհաբերվեր, և պետք է դրա արյունը քսվեր քահանաների աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բթամատին, աջ ոտքի բթամատին: Եվ հետո օծման յուղի միջոցով նրանք ոտքից գլուխ ընծայվում էին Աստծուն իրենց բոլոր մտքերով, գործերով և քայլերով: 

Աստված պատրաստել տվեց դատաստանի լանջապանակը, որը քահանան պետք է կրեր, երբ մտնում էր սրբարանը, որտեղ գտնվում էին նաև ոսկյա աշտանակը և առաջավորության հացերի սեղանը: Լանջապանակի վրա ամրացված էին տասներկու թանկ­ար­ժեք քարեր և փորագրված էին Իսրայելի տասներկու ցեղերի անուն­ները: «Եվ Ահարոնն Իսրայելի որդիների անունները դա­տաս­տանի լանջապանակով միշտ իր սրտի վրա թող կրի, երբ մտնի սրբարանը՝ նրանց Տիրոջ առջև հիշատակելու համար» (Ելից 28:29): 

Ելից 28:30-ում կարդում ենք Ուրիմի և Թումիմի՝ լույսի և ճշմար­տու­թյան վերաբերյալ. «Եվ դատաստանի լանջապանակի մեջ Ուրի­մը և Թումիմը դիր, և թող Ահարոնի սրտի վրա լինեն, երբ նա Տիրոջ առջև գնա. և Ահարոնը միշտ իր սրտի վրա թող կրի Իս­րա­յելի որդիների դատաստանը Տիրոջ առջև» (Ելից 28:30): Քահա­նան միշտ պետք է լանջապանակը կրեր սրբարանը մտնելիս (Ղևտ. 8:8): 

Երբ ինչ-որ մեկը պետք է երազ կամ հայտնություն պատմեր, կամ երբ որևէ հատուկ որոշում պետք է ընդունվեր, պետք է դա արվեր Ուրիմի և Թումիմի առջև: Գերբնական հաստատումը փայ­լող լույսն էր տասներկու քարերի միջից: Եթե ինչ-որ բան ճիշտ էր, և Աստված «այո» էր ասում, լույսը փայլում էր, եթե ճիշտ չէր, չէր փայլում: Երբ Եզրասի և Նեեմիայի ժամանակ իսրայելացիները վերադարձան բաբելոնյան գերությունից, այն ամենը, ինչ վերաբե­րում էր աստվածային ծառայությանը, նորից գործի դրվեց: «Եվ Աթար­սաթան ասաց նրանց, որ ամենասուրբ բաներից չուտեն, մինչև Ուրիմով ու Թուրիմով մի քահանա վեր կենա» (Նեեմիա 7:65):

Բրանհամ եղբայրը Ուրիմը և Թումիմը հիշատակել է 138 անգամ՝ այն համեմատելով Աստծո Խոսքի հետ: Մեջբերում. «Ուրիմը և Թումիմը Ահարոնի կրծքի վրա էին: Ուրիմը և Թումիմը ծածկ­ված էին տասներկու թանկարժեք քարերով... երբ մար­դիկ վստահ չէին լինում, գնում էին Աստծո առջև պատասխան ստանալու համար: Եթե Աստծո կամքն էր, Ուրիմից և Թումիմից լույս էր փայլում: Հակառակ դեպքում Ուրիմը և Թումիմը չէին պատասխանում»:

«Ուրիմը և Թումիմը վերացան, երբ վերացավ քահա­նա­յությունը: Աստված հիմա մեկ ուրիշ Ուրիմ և Թումիմ ունի. դա Աստծո Խոսքն է: «Թող Աստծո Խոսքը ճիշտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ»,– ասում է Աստված: «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքը մնում է հավիտյան»,– ասում է Հիսուսը»» (հունիսի 9, 1953 թ., հունվարի 21, 1961 թ. ):  

Միայն այն ժամանակ, երբ փայլում է Խոսքի կատարյալ լույսը, Խոսքը ճրագ է դառնում մեր ոտքերի համար և լույս՝ մեր ճա­նապարհին: Այդ դեպքում դա ճիշտ է և հաստատվում է Նոր Կտա­կարանի առաքյալների վարդապետությամբ (Գործք 2:42): 

Ինչ վերաբերում է Բրանհամ եղբոր ծառայությանը, նա բա­ցահայտեց բոլոր խորհուրդները Սուրբ Հոգուց հայտնություն ստա­նալով՝ սկզբում, Եդեմի պարտեզում կատարվածի վերա­բերյալ, Աստվածության հիմնական ուսմունքի, աստվածաշնչյան մտրտու­թյան, Տերունական Ընթրիքի, նույնիսկ ամուսնության և ամուսնա­լուծության դժվար թեմայի վերաբերյալ, Հայտնության գրքի յոթ կնիք­ների վերաբերյալ: Այն, ինչ հայտնի է եղել մար­գարեին, հայտնի է նաև մեզ, այնպես որ կարող ենք դա փոխանցել քարոզ­չության միջոցով: Վերջում կենդանի Աստծո Եկեղեցին կվերա­դառ­նա իր սկզբնական, ճիշտ վիճակին, որովհետև նա իրոք ճշմար­­տության սյունն ու հաստատությունն է (1 Տիմ. 3:15): Դա է խոս­տումը, և պատգամը խոստման որդիների մեջ (Գաղատ. 4:18) կիրականացնի այն, ինչի համար ուղարկվել է (Եսայի 55:11): 

Հոգևոր կողմնորոշում 

Այս պահին ամենից շատ տալիս են այս հարցը՝ ովքե՞ր են հիմար կույսերը: Նախքան Մատթ. 25-ի հիմար կույսերի մասին մտահոգվելը, ավելի շատ պիտի մտահոգվենք, որ իմաստուն կույ­սերի շարքում լինենք: Ինչպես բոլորը գիտեն, 24-րդ գլուխը նա­խոր­դում է տասը կույսերի առակին, որը գրված է Մատթ. 25-րդ գլխում: Ես բոլորին խնդրում եմ ուշադիր կարդալ Մատթ. 24-րդ գլուխն աղոթքով: Այնտեղ խոսվում է նաև վերջին փուլի մասին, որում հիմա ապրում ենք. պատերազմներ, սով, երկրաշարժեր, ինչպես նաև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կբարձ­րա­նան, մեծ նշաններ և հրաշքներ կանեն, որ եթե հնարավոր լինի, մոլորեցնեն նաև ընտրյալներին: Բայց Աստծո ողորմությամբ դա հնարավոր չի լինի: Այնուհետև կարդում ենք մեր Տիրոջ նախա­զգուշացումը. «Ահա նախօրոք ձեզ ասացի»: Նաև ասել է. «Ինչպես որ կայծակն արևելքից դուրս է գալիս ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստը կլինի». չի ասել, որ դա տարիներ կամ շաբաթներ կտևի: Այնուհետև մեր Տերը խոսում է թզենու մասին, որն արդեն համեմատվել է Իսրայելի հետ Ովսե 9:10 համարում: «Առակը թզենուց սովորեցեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է» (Մատթ.24:32): Իսրայելի ժողովուրդը վերադառնում է հայրենիք ավելի քան 150 երկրներից (Եսայի 14:1, Երեմիա 31:10, Եզեկիել 26:24, Ղուկաս 21:14): Իսրայելի պետությունը գոյություն ունի 1948 թվականից, և հիմա նորից կա տասնյոթ միլիոն հրեա, ինչպես հոլոքոստից առաջ: 

Տերը նորից ասում է. «Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռներին է» (Մատթ.24:33,34): Այնուհետև Տերը խոսում է Իր վերադարձի մասին. երկուսը կլինեն անկողնում, կամ արտում, մեկը կվերցվի, մյուսը կմնա: Եվս մեկ անգամ Նա շեշտում է. «Արդ, արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա» (Մատթ. 24:42): Եվ որպես վերջին նախազգուշացում՝ ասում է. «Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասում» (Մատթ. 24:44): «Պատրաստ եղեք...»: Որովհետև պատրաստ եղողները կգնան հարսանիքի խնջույքին: Այն, ինչ մեր Տերը կանխասել է այս գլխում, կատարվում է մեր աչքերի առաջ՝ Իսրայելի հետ կապված, մերձավոր Արևելքի հետ կապված և ողջ աշխարհում: 

Մատթ. 24:45-47 համարներում մինչև Իր վերադարձը կերակրի բաժանման վերաբերյալ: Տերն Ինքը հարց է տալիս. «Ուրեմն ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որի տերը նրան իր ծա­ռա­ների վրա դրեց, որ նրանց ուտելիքը ժամանակին տա» (Մատթ. 24:45): Մենք գիտենք, որ ոչ միայն հացով է ապրում մարդը, այլ Աստծո ամեն խոսքով (Մատթ. 4:4, 2 Օրինաց 8:3): Աստված խոս­տացել է, որ ուղարկելու է Իր Խոսքերը լսելու սով (Ամովս 8:11): Երբևէ Տիրոջ սեղանը այսքան ճոխ կերպով պատ­րաստված եղե՞լ է, ինչպես հիմա: Մի՞թե նույն հոգևոր կերակուրը չի բաժանվում աշխարհով մեկ ծառայող եղբայրների միջոցով: Իսկապես, Սուրբ Գրքում գրվածն իրականանում է մեր աչքերի առջև:

Բնականաբար Տերը պետք է խոսեր նաև չար ծառայի մասին 24-րդ գլխի վերջում, 48-51 համարներում: Բայց միշտ էլ այդպես է եղել. նախ Տերն ուղարկում է Իր ծառաներին, որոնք հաղորդում են Իր Խոսքը, այնուհետև հայտնվում են ինքնակոչ մարդիկ, որոնք ներկայացնում են իրենց սեփական մեկնությունները, բայց չեն կարող պատմել Աստծո կողմից կանչվելու և հանձնա­րա­րություն ստանալու վերաբերյալ: Աստծո համար դա անփո­փոխ է. չկա կոչում առանց ուղարկվելու, և չկա ուղար­կվել առանց կոչման: Մատթ. 13:34-43 համարներում մեր Տերը խոսել է բարի սերմի մասին, որն Ինքն է ցանել, և դրանից հետո եկել է թշնամին և ցանել է որոմը: Երկուսն էլ աճել են: Մի սերմը Աստծո որդիներն են, մյուսը՝ չարի: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նախ ճշմարիտ պատգամը քարոզված չլինի: 

Մատթ. 25-րդ գլխում Տերը շարունակում է՝ ասելով. «Այն ժա­մանակ երկնքի թագավորությունը պիտի նմանեցվի տասը կույսե­րի, որոնք վերցրին իրենց լապտերները և դուրս եկան փեսային դիմավորելու»: Պետք է բոլորը գիտակցեն, որ անմի­ջապես Մատթ. 24-րդ գլխից հետո, Մատթ. 25-րդ գլխի առաջին համարում գրված է. «Այն ժամանակ երկնքի թագավորությունը պիտի նմա­նեց­վի...»: Ո՛չ առաջ, ո՛չ հետո, այլ այն ժամանակ, երբ կատարվում է Մատթ. 24-րդ գլխում գրվածը, և բաժանվում է ճշմարիտ կերա­կուրը, կատարվում է տասը կույսերի առակը երկնքի թագավո­րու­թյունում: Պատգամն ավելի բարձր է հնչում հիմա. «Ահա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու»:

Սկզբում բոլոր կույսերը ճանապարհ են ընկնում: Նրանք գնում են Փեսային դիմավորելու, լապտերները ձեռքերին: Մինչդեռ իմաս­տուն­ները ճանապարհը գնում են մինչև վերջ: Նրանք իրենց հետ յուղի պաշար են վերցնում: Բոլորն էլ քնեցին և արթնացան, երբ լսվեց կեսգիշերային աղաղակը. «Ահա Փեսան»: Բոլոր կույ­սերն արթնացան, մաքրեցին իրենց լապտերները, բայց վճռական պա­հին հանգան հիմար կույսերի լապտերները, և այն ժամանակ երբ գնում էին, որ վաճառողներից յուղ գնեն, Փեսան եկավ: Իմաս­տունները մտան հարսանիքի սրահը, և դուռը փակվեց: Ավելի ուշ եկան հիմար կույսերը և կանչեցին. «Տեր, Տեր, բաց մեզ համար»: Բայց այդ ժամանակ լսվեց անըմբռնելի պատասխանը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում»: Եվ դրանից անմիջապես հետո հնչում է լուրջ նախազգուշացումը. «Ուրեմն արթուն եղեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը, որում Մարդու Որդին կգա» (Մատթ. 25:13): Նորից մտածենք սրա վերա­բերյալ. երբ կանչը հնչում է, կույսերն են գնում Փեսային դիմա­վորելու, իսկ վերջում կանչում են փակ դռան առաջ կանգնած. «Տեր, Տեր, բաց մեզ համար»

Հիմար կույսերը, որոնց լապտերները հանգան, սկզբում լույս ունեին. նրանք ընդունում են դուրս գալու կանչը, բայց պատ­րաս­տություն չեն տեսնում (Հայտն. 19:7): Աստծո Հոգին առաջնորդում է ողջ Ճշմարտությանը և հնազանդության: Եվ միայն նրանք, ովքեր Աստծո Հոգով առաջնորդվում են ողջ Ճշմարտության մեջ, Աստծո որդիներն են ( Հռոմ. 8:14): Իմաստունները նաև ամաններով յուղ են վերցնում: Այն, ինչ Եղիա մարգարեն այն ժամանակ ասաց, այսօր էլ ուժի մեջ է. «Կարասից ալյուրը չի վերջանալու ու կուժից յուղը չի պակասելու, մինչև այն օրը, երբ Տերը երկրի վրա անձրև տա» (3 Թագ.17:14): Նրանք ունեն Կյանքի Հացը և Հոգու լեցու­նությունը և ստանալու են վերջին անձրևի առատ օրհնու­թյուն­ները. «Արդ, եղբայրներս, մինչև Տիրոջ գալուստը համբերող եղեք: Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվավոր պտղին, մինչև որ առաջին ու վերջին անձրևն առնի» (Հակոբ 5:7): Իմաս­տուն կույսերը կազմում են Հարսը, նրանք կհասնեն իրենց նպա­տակին Փեսայի գալստյան ժամանակ: Իմաստուն կույսերը բա­ցար­ձակապես հավատում են Աստծո ամեն Խոսքին: Նրանք ծա­ռայության միջոցով անմիջապես կապված են Աստծո հետ, Ով ավարտին է հասցնում Իր գործը: Նրանք մերժում են ամեն մեկ­նություն և թույլ չեն տա, որ իրենց մոլորեցնեն (2 Կորնթ. 11): Ոչ թե սկիզբն է պսակ ստանում, այլ վերջը: 

Ինչպե՞ս էին ներկայանում առաքյալները

Պողոսը սկսում է Հռոմի եկեղեցուն ուղղված իր նամակը այս խոս­­քերով. «Պողոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա, կանչված առաքյալ լի­­նելու, առանձնացված Աստծո Ավետարանի համար...» (Հռոմ. 1:1,2):

Հակոբ առաքյալը սկսում է իր նամակը հետևյալ խոսքերով. «Հակոբոսը՝ Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, ամենուրեք ցրված տասներկու ցեղերիդ ողջույն» (Հակոբ 1:1): 

Պետրոս առաքյալն էլ իր երկրորդ նամակը սկսում է այսպես. «Սիմոն Պետրոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա ...» (2 Պետր.1:1): 

Տարիների ընթացքում հավատարիմ Տերը բազմիցս ինձ հանձ­նարարություններ է տվել և ամեն անգամ ինձ անվանել է «Իմ ծա­ռա», ինչպես այդ մասին խոսվել է բազմաթիվ շրջաբերական նա­մակներում, նաև 2005 թվականի դեկտեմբերի նամակում: Հի­մար կույսերը ծաղրում են դա, նրանք հավատում են միայն պատ­գա­մաբերի հանձնարարությանը, և չեն հավատում նրա հանձ­նարա­րու­թյանը, որը շարունակում է տանել պատգամը: 

Անկասկած, բոլորը կկանգնեն վերջնական ընտրության առջև: Արդիական է այն, ինչ Պողոսը գրել է ուղարկվելու վերաբերյալ. «Եվ ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն՝ ըստ գրվածի. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որոնք քարոզում են խաղաղության ավե­տարանը և բարի բաների ավետիքը բերում» (Հռոմ. 10:15): 

Ես էլ կարող եմ Աստծո ողորմությամբ ասել. «Ինձ ուղարկողն ասաց ինձ...»: Բայց դա կապ չունի ինձ հետ որպես մարդու. ես ընդամենը մարդ եմ, մեղավոր, որը ողորմություն է ստացել, ինչպես Բրանհամ եղբայրն էր ասում ինքն իր մասին՝ «a sinner saved by grace»` «շնորհքով փրկված մեղավոր»: Բայց մենք գործ ունենք Աստծո փրկության ծրագրի հետ և այս կարևոր ժամա­նակաշրջանի համար տրված խոստման հետ: Մեր Տիրոջ ասածը միշտ ուժի մեջ է. «Ով որ ընդունի նրան, ում Ես կուղարկեմ, Ինձ է ընդունում»: Իսկ նրա՞նք, ովքեր չեն ընդունում. «Եվ եթե որևէ մեկը ձեզ չընդունի ու ձեր խոսքերը չլսի, երբ այդ տնից կամ քաղաքից դուրս գնաք, թոթափեցեք ձեր ոտքերի փոշին» (Մատթ. 10:14): 

Նա, որ Աստծուց է, կլսի Աստծո Խոսքը, նա, որ վերստին ծնված է, կհավատա Աստծո Խոսքին: Հիմար կույսերը արհամարհանքով անտեսում են այն, ինչ Աստված հիմա է անում: Նրանց, ինչպես և ուրիշներին են վերաբերում այս խոսքերը. «Տեսեք, անարգողներ և զարմացեք և կործանվեք, քանի որ Ես ձեր օրերում մի գործ եմ կատարում, մի գործ, որի մասին, եթե մեկը ձեզ ասեր, երբեք չպի­տի հավատայիք» (Գործք 13:41): Իմաստուն կույսերը ոչ միայն լսել են, թե ինչ է անում Աստված այսօր, նրանք ուղղակի բաժին ունեն Աստծո գործի մեջ մինչև վերջ: 

Եկեք ևս մեկ անգամ ընդգծենք Աստծո կողմից ուղարկվելու կարևորությունը: Հայտնության գրքի առաջին գլխի առաջին հա­մա­րում կարդում ենք. «...իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղար­կելով իր Հովհաննես ծառային...»: Վերջին գլխում գրված է. «Տերը՝ սուրբ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտա­կին» (հ.6), և ի վերջո՝ «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի...» (հ.16): Լինի դա երկնային թե երկրային պատգա­մաբեր, Աստծո կողմից ուղարկվածը անմիջական հանձնարա­րություն է ստացել նրանից և ասում է Աստծո Խոսքերը (Հովհ. 3:34): Ինչ վերաբերում է այսօր կատարվող ծառայությանը, այն նաև կարևոր նշանա­կություն ունի փրկության պատմության մեջ: 

Կես դար

Մեծ երախտագիտությամբ ենք հետադարձ հայացք գցում այն ամենին, ինչ Տերն արել է անցած հիսուն տարիների ընթացքում, Բրանհամ եղբոր հեռանալուց հետո: Այն, որ Բրանհամ եղբայրը խոստացված մարգարեն է եղել, անհերքելի փաստ է: Իրա­կա­նա­ցավ այն ամենը, ինչ մաս էր կազմում մարգարեի և պատգա­մա­բերի եզակի և բացառիկ ծառայության: Բրանհամ եղբայրը որպես մարդ, իրավունք ուներ մարդկային ձգտումներ ունենալու: Նա իրավունք ուներ արտահայտելու իր սպասումները «երրորդ ձգու­մի», յոթ որոտների, վրանի տեսիլքի վերաբերյալ: Նրա մարդ­կա­յին բնությունը չի նսեմացնում Աստծո կողմից ստացած իր ծառա­յությունը: Այդ թեմաների շուրջ նա ասել է դժվարըմբռնելի բաներ, և ցավոք սրտի, հիմա էլ այնպես է, ինչպես այն ժամանակ, երբ Պետրոսը գրեց Պողոսի թղթերի վերաբերյալ. «Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսումներն ու անհաս­տատները ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ՝ իրենց անձերի կորստյան համար» (2 Պետր.3:16): 

Մեկնություններին բնավ պետք չէ տեղ տալ. դրանք տանում են կործանման: Երբ ամեն բան անցկանցնում ենք Խոսքով, ամեն բան իր ճիշտ տեղում ենք դնում, այդ ժամանակ նույնիսկ դժվար­ըմբռնելի բաները հասկանալի են դառնում առանց որևէ ջանքի: Աստծո հանձնարարությամբ ես ձեզ խնդրում եմ, որ հարգեք Խոս­քը: Սուրբ Գրքի ոչ մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի: Դա վերաբերում է նաև յոթերորդ կնիքին, յոթ որոտներին և բոլոր մյուս բաներին, որոնք ամենուրեք տարածվել են Բրանհամ եղբոր հեռանալուց հետո և որոնք սուտ հույսեր են արթնացնում: 

Ոչ ոք չի կարող ինձ խանգարել, որ հավատամ Աստծո Խոսքին այն­պես, ինչպես գրված է և դասավորեմ Բրանհամ եղբոր ասած­նե­րը սուրբգրային համատեքստով: Որքան հաստատ է, որ Տերն ավար­տել է Իր արարչագործության գործը, նույնքան հաս­տատ է, որ Նա Ինքը կավարտի Իր փրկագնման գործը: «Ոչ թե զորու­թօու­նով, ոչ թե ուժով, այլ իմ Հոգով,– ասում է զորաց Տերը»: (Զաք. 4:6 բ): 

Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ կարճ ժամանակ անց Տերը երկրորդ փուլն է շնորհելու: Մինչև դրա կատարվելը հաստատուն մնանք համբերության մեջ, ինչպես առաքյալն է գրել Եբր.10:36 հա­մարում. «Որովհետև ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով՝ խոստումը ստանաք»

Գրված է. «Որովհետև ինչպես Փարասին սարի վրա՝ վեր է կե­նալու Տերը և բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում, որ գործի Իր գործը՝ Իր օտարոտի գործը, և կատարի իր պաշտոնը՝ Իր տա­րօ­րինակ պաշտոնը» (Ես.28:21): 

Ոչ թե լինելու է այն, ինչ մարդիկ են ակնկալում կամ հայտա­րարում, այլ այն, ինչ Աստված է խոստացել. «Որովհետև Տերն արդարությամբ մի կարճ ու համառոտ բան կանի. Տերը երկրի վրա մի վճռական բան կանի» (Հռոմ. 9:28):

Հաշվի առնելով ժամանակի լրջությունը, այսօր ավելի, քան երբևէ ուժի մեջ է այն, ինչ Պողոսը գրել է Հռոմ. 16-րդ գլխում. «Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ են ու գայթակղություններ են սարքում այն վարդա­պետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռու քաշ­վեցեք: Որովհետև այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծա­ռա­յում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքով խաբում են»

«Վերջապես, եղբայրներ, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխի­թարվեցե՛ք, միաբան եղեք, խաղաղություն արեք, և սիրո ու խա­ղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (2 Կորնթ. 13:11): Ամեն: 

Միջազգային միսիոներական կենտրոնը

Երբ 1966 թվականի ապրիլին վերադարձա Բրանհամ եղբոր հուղարկավորությունից և սկսեցի լրիվ դրույքով ծառայությունս, ես չէի պատկերացնում, որ կարճ ժամանակում այդպիսի չափերի է հասնելու միսիոներական գործը: Հենց սկզբից Աստված հոգ տարավ ամեն անհրաժեշտ բանի համար, այնպես որ մինչև այսօր մենք անվճար ենք բաժանել բոլոր գրքույկները, գրքերը, CD և DVD սկավառակները: Նույնիսկ կարիք չեղավ վարկ վերցնելու շենքերի կառուցման համար՝ 1974 թվականին կառուցվեց եկե­ղեցու շենքը, 1978-ին՝ մյուս շենքերը և վերջինը 1990 թվականին: Երբեք փողի մասին չենք խոսել, հանգանակություն չենք արել հատուկ ծրագրերի համար: 

Հատկապես շնորհակալ եմ եղբայրների և քույրերի համար, որոնք իրենց տարբեր տաղանդները Տիրոջն են նվիրել. այն եղ­բայր­ների համար, որոնք ինձ աջակցում են Խոսքի քարոզ­չության մեջ, եկեղեցում ծառայություն անող սարկավագների համար, երգ­չախմբի առաջնորդի համար, որը պատասխանատու է երգի և երա­ժշտության համար, թարգմանիչների համար, որոնք միջազ­գային հավաքույթների ժամանակ համաժամանակյա թարգմանու­թյամբ թարգմանում են տասներկու լեզուներով, նաև թարգմա­նում են գրքույկ­ները, ինչպես նաև նրանց համար, ովքեր աշխա­տում են այստեղ՝ միսիոներական կենտրոնում, գրասեն­յակում, տպա­րա­նում, առաքման ծառայությունում, չմոռանալով նաև նրանց, ովքեր մա­քուր են պահում միսիոներական կենտրոնը թե՛ ներ­սից, թե՛ դրսից: 

Հավատարիմ Տերը մեզ տվել է ոչ միայն հավաքույթի դահլիճը պատշգամբով, այլև ճաշարան և կիրակնօրյա դպրոցը, որը մեզ հնարավորություն է տալիս ամենամսյա հավաքույթների ժամանակ տեղավորելու հազար երկու հարյուրից ավելի մարդու: 

Տերը մեր եղբայրներին օժտել է ամեն անհրաժեշտ տեխնի­կանան հմտություններով և ապահովել է տեխնիկայով: Այդպիսով, ամեն ամսվա շաբաթվա վերջի հավաքույթները հեռարձակվում են ինտերնետով ամբողջ երկրում, և հետո տասնմեկ հազար DVD սկավառակներ են ամեն ամիս ուղարկվում ամբողջ աշխարհում: Նաև գրքերը, գրքույկներն ու շրջաբերական նամակները առանց դժվարության ուղարկվում են մեր թիմի կողմից: 

Ողջ սրտով ուզում եմ շնորհակալություն հայտնել Պոլ Շմիդտ եղբորը և բոլոր եղբայրներին, ովքեր մասնակցում են քարոզչու­թյանը տեղական եկեղեցում, ինչպես նաև բոլոր ծառայող եղբայրներին, որոնք Խոսքը քարոզում են բոլոր երկրներում և բաժանում են մաքուր հոգևոր կերակուրը: Նաև շնորահակալ եմ ձեզանից, եղբայրներ և քույրեր, աշխարհով մեկ միսիոներական գործին աջակցելու համար ձեր աղոթքներով և ընծաներով: Թող Տերը ձեզ վարձահատույց լինի, որովհետև Տիրոջ համար եք արել: 

Այս տարվա ընթացքում կատարած միսիոներական ճանապար­հորդություններիցս յուրաքանչյուրը հաղթանակ է եղել ճշմար­տության համար: Տերն ասել է. «Եվ արքայության այս Ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը» (Մատթ.24:14): Ամեն ամիս 172 երկրներից հազարավոր հավատացյալներ ինտերնետով միանում են մեզ, որ լսեն քարոզները և մասնակցեն հավա­քույթներին: Բազմաթիվ երկրների հեռուստակայաններին, որոնք վաղուց հեռարձակում են մեր հեռուստահաղորդումները, ավելա­ցել է ևս մեկը՝ Պակիստանի Լահոր քաղաքի հեռուստակայանը: Սկզբում արաբական երկրներում կար 23 հեռուստակայան, իսկ հիմա դրանց թիվը հասել է յոթանասունի, և բոլորը ցուցադրում են իմ քարոզները շաբաթը մեկ անգամ: Նաև կանոնավոր կերպով հեռուստահաղորդումներ ենք ունենում Ռումինիայում և Բուլղա­րիայում: Քիչ է մնացել, մինչև պատգամը հասնի վերջին մարդուն: 

Թեև արդեն հիսուն տարի է անցել այն ժամանակվանից, երբ Աստված տուն կանչեց Բրանհամ եղբորը, յուրաքանչյուր տարին, որ Տերը մեզ շնորհում է, շնորհքի տարի է: Այն, ինչ մեր Տերն ասել է, ուժի մեջ է մնում մինչև վերջ. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որով­հետև ինձ օծեց. Նա ինձ ուղարկել է աղքատներին բարի լուրը քա­րո­զելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազա­տու­թյուն քարոզելու, կույրերին՝ տեսողություն, հարստահար­ված­նե­րին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քա­րոզելու» (Ղուկաս 4:18,19): 

Պատգամը սա է՝ գերիներն ազատվում են, պարտքերը մարվում են, ներվում են բոլոր մեղքերը, եթե խոստովանել ենք Նրան և զղջացել ենք դրանց համար, նույնիսկ անհավատության և անհնա­զանդության մեղքերն են ներվում: Թող բոլորը հասկանան ժամա­նակի լրջությունը և ասեն. «Ես լսեցի Աստծո փողի ձայնը, հաս­կացա պատգամը և ընդունեցի հաշտությունը Քրիստոսով և հաշ­տությունը մերձավորիս հետ»: Աստված խոստացել է ամեն բան վերականգնել Իր Եկեղեցում և ամեն բան բերել իր ճիշտ վիճակին: Նրա խոստումներն «այո» և «ամեն» են (2 Կորնթ. 1:20-22): Նա կատարում է Իր խոստումները: Հարս-Եկեղեցին կվերա­դառնա և համընթաց կքայլի Խոսքի հետ և վերջում ամեն տեղ կլինի մեկ սիրտ, մեկ հոգի, ինչպես սկզբում է եղել: 

Որքան հաստատ է, որ Աստված կենդանի է, 1981 թվականի հուն­վարին ես տեսել և ապրել եմ հափշտակությունը: Բոլորը երի­տասարդ էին, բոլորը սպիտակ էին հագել, և բոլորս բարձ­րացանք երկինք և մտանք Նոր Երուսաղեմ: Իմ աղոթքն է, որ այս շրջա­բերական նամակի ամեն ընթերցող Աստծո առաջ շնորհք գտնի, ուղղվի և կարողանա գնալ հարսանիքի խնջույքին Քրիս­տոսի վերադարձի ժամանակ (Հայտն. 19:9): «Եվ Հոգին ու հարսն ասում են. «Ե՛կ»: Եվ լսողն էլ կասի. «Ե՛կ»: (Հայտն.22:17):

«Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով գալիս եմ»: Ամե՛ն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս» (Հայտն.22:20):

2016 թվականի համար ողջ սրտով մաղթում ենք բոլորիդ, ամեն երկրում, ամեն քաղաքում, Աստծո տեսանելի օրհնությունները: Բոլորս միասին բարձրացնենք մեր գլուխները, որովհետև գիտենք, որ մեր մարմինների փրկագնումը մոտ է: 

Գործելով Աստծո հանձնարարությամբ՝

Bro. Frank

 

 «Ես քեզ ազգերի լույս էլ եմ շինել, որ դու իմ փրկությունը լինես մինչև երկրի ծայրը» (Եսայի 49:6):