'

ԱՍՏԾՈ ՄՈՏ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

 Ոչ մի ուրիշ թեմա այնքան չի հուզում հոգիները և այնքան արագորեն բաժանում նրանց, որքան Աստծո վերաբերյալ թեման: Բայց վերջում ոչ ոք Նրանից չի փախչի, նույնիսկ աթեիստը: Ամեն մարդ ծնվում է որոշակի գաղափարախոսության մեջ, և մարդկանցից մեծամասնությունը մինչև վերջ մնում են դրանում, առանց ջանալու համոզվել դրա ճշգրտության և ճշմարտացիության մեջ: Ամենուրեք ընդունված է շարունակել ապրել հայրերից ժառանգած ավանդույթներով: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կատարում են իրենց կրոնական պարտականությունները, ըստ էության ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն և չխոսեն Աստծո վերաբերյալ թեմաներով: Նրանք ուզում են մի Աստծո, որը համապատասխանում է իրենց կրոնին և կարծիքին: Այդպիսի զարգացման պատճառը միայն կրոնի մեջ չէ: Ծնված օրվանից մինչև մեռնելը մարդիկ շրջապատված են կրոնական ծեսերով և արարողություններով և երբեք չեն լսել աստվածային փրկության Պատգամը ու չեն գտել ներքին խաղաղություն: 

 Նույնիսկ քրիստոնեական կրոնները բացառություն չեն կազմում և պետք է խոր քննության ենթարկվեն: Միայն Քրիստոսին վկայակոչելը ոչ մեկի օգուտ չի բերի, այլ բոլորս կարիք ունենք Նրա հետ անձնական հարաբերության: Բոլոր պաշտոնական և անկախ եկեղեցիները, մինչև ամենափոքր խմբավորումները օգտագործում են իրենց ընտրած սուրբգրային համարները, որոնք համապատասխանում են իրենց հասկացողությանը: Ընդհանուր առմամբ այսօրվա քրիստոնեությունը ոչ մի ընդհանուր բան չունի առաջին եկեղեցու հետ: Նույն Աստվածաշունչը հարյուր տեսակի տարբեր մեկնություններ ունի: Աստվածային Խոսքի և ողջամիտ վարդապետության փոխարեն անընդհատ կիրառում են մարդկանց կողմից արված նոր մեկնություններ, նոր վարդապետություններ և նոր դոգմաներ, որոնք, սակայն, ոչ մի սուրբգրային հիմք չունեն: Դա անվանում են «քրիստոնեական ավանդույթ»: 

 Շատ հիասթափված մարդիկ հեռանում են հավատքից: Ինքնաբերաբար կրոնական ասպարեզում հարց է առաջանում. «Գոյություն ունի՞ արդյո ք մի վստահելի միջոց, մի բացարձակ, վերջնական չափանիշ, որով պետք է ամեն բան ստուգվի: Կա՞ արդյոք մի հաստատված ճշմարտություն, որը կասկածից վեր է, և որի վրա կարող ենք հույս դնել: Եթե այո, որտե՞ղ է այն»: Շատ հիասթափված մարդիկ հարցնում են իրենք իրենց. «Արդյո՞ք կա Աստված, որ մտահոգվում և հետաքրքրվում է մեզանով: Եթե այո, որտե՞ղ կարող ենք գտնել Նրան»: 

 Այս կարճ շարադրանքի նպատակն է մղել յուրաքանչյուր ընթերցողին քննադատաբար մտածելու այս թեմայի վերաբերյալ և փնտրելու Ճշմարտությունը, որովհետև ի վերջո, խոսքն անձամբ ձեր մասին է, սիրելի ընթերցող և այն վայրի մասին, որտեղ ուզում եք անցկացնել հավիտենությունը: 

 Աստված ծրագիր ունի մարդկության համար. սա պարզ և հասկանալի է: Մինչդեռ քիչ են Աստծո մարդիկ, առաքյալների և մարգարեների օրինակով լուսավորված մարդիկ, որոնք կարող են ուրիշներին ցույց տալ Աստծո մոտ տանող ճանապարհը, որովհետև իրենք էլ գիտեն այդ ճանապարհը և գնում են դրանով: Դարեր շարունակ այն միտքը, որ Աստված, կրոնը և եկեղեցին կապված են իրար հետ, արմատացել է մարդկանց մտածողության մեջ: Եթե այդպես է, երեք հարյուրից ավելի ո՞ր քրիստոնեական դավանանքի հետ պետք է Նա նույնանա: Արդյո՞ք Նա կաթոլիկ է, թե՞ ավետարանական, կամ արդյո՞ք Նա է ստեղծել տարբեր կրոնական համայնքները: Գուցե մուսուլմանները, հինդուիստները, բուդդիստները կամ գոյություն ունեցող այլ խմբե՞րն են ճիշտ ճանապարհի վրա: Ի վերջո բոլորը հավակնում են, որ լուսավորված են վերևից և ունեն ճշմարտությունը: Մի՞թե Աստծո Թագավորության քողի տակ յուրաքանչյուրը իր սեփական կրոնական թագավորությունը չի կանգնեցրել:

 Աստված ծրագիր ունի մարդկության համար և հիմա իրականացնում է այդ ծրագիրը: Այդ ծրագիրը ավելի լավ հասկանալու համար պետք է ազատվենք բոլոր ավանդական հայացքներից և վերադառնանք սկզբնական ելակետին: Աստված ոչ մեկից կույր հավատք չի պահանջում: Ճշմարիտ հավատքը երկու առողջ հոգևոր աչքեր ունի և երկու առողջ հոգևոր ոտքեր: Այն հաստատված է Հին և Նոր Կտակարանների անսասան հիմքի վրա, Աստվածաշնչի վրա, որի մեջ Աստված ցույց է տվել մարդկության վերաբերյալ Իր ողջ խորհուրդը սկզբից մինչև վերջ: Աստվածաշունչը ցույց է տալիս Աստծո ճանապարհը դեպի մեզ, նաև մեր ճանապարհը դեպի Աստված և մարդկության հետ Աստծո հանդիպման վայրը:

 Մարդկության համար Աստծո ծրագիրը արդեն սկսվել է արարաչագործության ժամանակ: Անշուշտ, մեզանից յուրաքանչյուրը հիացել է բնության գեղեցկությամբ, որը պետք է պահպանել: Բայց ոչ բոլորն են, որ դրանում տեսնում են Արարչի գոյությունը, թեև տրամաբանությունն էլ խոսում է այդ մասին: Բոլորին հայտնի է, որ որոշ ժամանակ ի վեր Ամենակարողի գոյությունը կասկածի է ենթարկվել և արարչագործության պատմությունը համարվել անհավանական: Աթեիստ փիլիսոփաները մարդկանց մղել են հավատալու իրենց հակասական տեսություններին և դրանցով նրանց տարել անհավատության: Նա, ով ժխտում է, որ Աստված է Արարիչը և կարծում է, որ ամեն բան ստեղծվել է ինքն իրեն, նույն կերպ կարող է ուրանալ սեփական հորը և ասել, որ ինքը էվոլյուցիայի արդյունք է: Ո՞վ կարող է պատկերացնել, որ տիեզերքը իր անծայրածիր տարածքով, անթիվ համաստեղություններով և կատարյալ ներդաշնակությամբ ստեղծվել է ինքն իրեն: Մինչև հիմա ոչինչ ինքն իրեն չի ստեղծվել, և դեռ ոչ ոք չի ասել, որ կարողացել է թեկուզ մի փոքր բան բարելավել ողջ արարչագործության մեջ: Մտածենք միայն օվկիանոսի խորքում գտնվող այն անթիվ կենդանի արարածների մասին, որոնք աճում են կատարյալ պայմաններում, բոլոր մայրցամաքներում գտնվող ամեն տեսակ կենդանիների և թռչունների մասին, որոնք կատարյալ կերպով հարմարված են կլիմայական պայմաններին: 

 Այսօր էլ նրանք շարունակում են գոյություն ունենալ, ինչպես Արարիչը Իր ամենակարող Խոսքով նրանց պատվիրել է բոլոր բաները ստեղծելիս (Սաղմ.119:90,91): Ամեն տարի ցանում և հնձում են այնպես, ինչպես Աստված է հաստատել երկիրը ստեղծելուց ի վեր. «Որչափ որ երկիրը կը մնայ, սերմ ու հունձք … պիտի չդադարին» (Ծննդ.8:22): Քաոսը ստեղծվում է միայն այն ժամանակ, երբ մարդը միջամտում է բնությանը: Ամեն օր միլիարդավոր մարդիկ են կերակրվում և եթե ամեն ինչ արդարությամբ բաժանեին, երկրի վրա ոչ ոք չէր դատապարտվի սովամահության: 

 Այն փաստը, որ ամեն արարած բազմանում է իր տեսակի պես, կմնա մինչև ժամանակների վերջը: Մինչև հիմա ոչ ոք չի տեսել, որ կապիկը մարդ դառնա, կամ էլ մարդը դառնա կապիկ: Ամեն տեսակ մնում է այնպես, ինչպես եղել է արարչագործության ժամանակ: Այսօր էլ ցանվում է նույն սերմը, որը առաջին անգամ հողից դուրս եկավ Արարչի ամենակարող Խոսքով: Նույն ծառերն ու մրգերն են աճում, նույն կենդանիները դեռ ապրում են երկրի վրա: Նույնպես մարդը՝ արարչագործության պսակը, ճիշտ այնպիսին է, ինչպիսին եղել են Ադամն ու Եվան այն ժամանակ: Նրան տրվել են ստեղծագործական ընդունակություններ: Դա հատկապես ակնհայտ է մեր ժամանակներում: Իրականում գրեթե չկա մի բան, որ մարդ արարածը չկարողանա անել, ինչպես Տերն ասաց. «… ու հիմա ինչ որ շինել կը խորհին, բան մը չկայ, որ արգիլէ» (Ծննդ.11:6):

 Միակ բանը, որ մարդը չի կարող անել, սա է՝ կյանք ստեղծել: Նրանք, ովքեր հավատում են էվոլյուցիայի տեսությանը և խոսում են նախնական բջջի մասին, պետք է նաև մեզ ասեն՝ ով է կյանք տվել այդ բջջին: Նաև պետք է նրանց հարցնել, թե ով է մարդկանց տվել բազմանալու ընդունակությունը: Աստծո գոյությունը ժխտողները ինչու՞ չեն փորձում արհեստական ցորեն ցանել: Որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ այն չի աճի, որովհետև կյանքի սաղմը չունի իր մեջ: Տեսնելով այս մեծ և համապարփակ արարչագործությունը, ամեն նորմալ և մտածելու ընդունակ մարդ կընդուներ գերիշխան Արարչի գոյությունը: Եթե մարդիկ իրենց ամբարտավանությամբ չհեռանային Աստծուց, դեռևս կկարողանային հավատալ Նրա Խոսքին, որովհետև Աստված և Իր Խոսքը վստահելի են:

 Աստծո կամքով, արարչագործության սկզբից ի վեր մարդիկ սահմանված էին իրենց Արարչի հետ հավիտենական հաղորդակցության մեջ ապրելու համար: Դրա համար յուրաքանչյուրի սրտում կա երկրպագելու բուռն ցանկություն, որը չի բավարարվում: Բոլորն իրենց հոգում ունեն մի անորոշ ցանկություն, ամեն մարդ ինչ-որ բան է փնտրում, բայց կա միայն Մեկը, որը կարող է գոհացնել այդ փափագը և մեզ երջանկացնել: Բոլոր կրոններում պաշտամունքի բաղադրիչ մասը երկրպագությունն է: Մուսուլմաններն աղոթում են Ալլահին: Նրանց մարգարեն՝ Մուհամեդը, Մեսիային չի համարում Փրկիչ և Տեր, այլ միայն մարգարե: Մուհամեդը բացարձակ միաստվածություն էր քարոզում և բնավ չէր հասկանում, որ Աստված Ինքը բացահայտվեց Քրիստոսի մեջ: Նա չէր կարող ըմբռնել, որ Աստված հայտնվեց երկնքում որպես Հայր, հետո երկրի վրա՝ Որդու մեջ և հիմա գործում է Սուրբ Հոգով: Իսկ հինդուիստները հավատում են մի քանի աստվածների: Նրանց պատկերացումներում կա նախ մի երրորդություն՝ արարիչ Բրահման, պահապան Վիշնուն և կործանող Շիվան, և դրանց հետևում են մյուս աստվածները: Եթե թվարկեինք բոլոր կրոնները, շատ հեռուն կգնայինք: Իսկ նա, ով ասում է, որ ոչ մի գործ չունի կրոնի հետ, երկրպագում է մամոնային (հարստությանը), իր սեփական ցանկություններին կամ որևէ այլ կուռքի: Անկախ գույնից, ռասայից և ազգությունից ամեն արարածի մեջ կա մի խոր և անհագ փափագ, որը կարող է իսկապես բավարարվել միայն այնպիսի բանով, որ հավիտենական է և աստվածային: 

 Եղել է մի ժամանակ, երբ առաջին մարդիկ ուղղակի հաղորդակցություն են ունեցել Տեր Աստծո հետ. դա սկզբում էր, Եդեմի պարտեզում: Անմեղության այդ սկզբնական վիճակում նրանք չէին ճանաչում ո’չ ցավ, ո’չ վիշտ, ո’չ հիվանդություն, ո’չ մահ: Որպես Հավիտենականի ստեղծածներ, նրանք սահմանված էին հավիտենապես ապրելու: Տեր Աստված նրանց օժտել էր ազատ կամքով, որպեսզի նրանք կարողանային ընդունել իրենց սեփական որոշումը: Նրանք կարող էին ընտրություն կատարել բարու և չարի, հնազանդության և անհնազանդության, հավատքի և անհավատության միջև: Այսօր էլ նույնը վերաբերում է մեզ բոլորիս: Նրանք պետք է քննություն հանձնեին, բայց երկուսն էլ պարտվեցին: Նախ՝ Եվան, ապա՝ Ադամը: Եվան ականջ դրեց սատանայի ստերին, իսկ Ադամը լսեց եվային: Այդպիսով նրանք երկուսն էլ ընկան հակառակորդի ազդեցության տակ և, չնայած իրենց գիտությանը, խախտեցին Աստծո Խոսքը: Աստված, որը Ճշմարիտ է, կատարեց Իր Խոսքը և նրանց վտարեց Եդեմի պարտեզից: Աստծո հետ նրանց հաղորդակցությունը խզվեց, և տառապանքն ու մահը թափվեցին ողջ մարդկության վրա:

 Թող ոչ ոք ձեռքերը չլվանա և իրեն անմեղ կարծելով՝ ասի. «Ինչո՞վ է այդ ամենը ինձ վերաբերում», որովհետև ամեն տղամարդ և ամեն կին կվարվեր ճիշտ Ադամի և Եվայի նման: Աստված ճանաչում է մեզ բոլորիս և սկզբից ի վեր գիտեր, որ ոչ մի մարդ ընդունակ չէ հնազանդվել Իր պատվիրաններին: Բայց Իր արդարությամբ Նա տվեց Իր պատվիրանները, որպեսզի մենք ճանաչեինք Նրա հանդեպ գործած մեր մեղքերը, տեսնեինք փրկության անհրաժեշտությունը և ընդունեինք ճիշտ որոշում: Մենք ազատ կամք ունենք, և բարեբախտաբար, ոչ ոքի չեն ստիպում ընտրություն կատարելու մեջ: Եթե աստվածային օրենքը չլիներ, ոչ ոք չէր հասկանա, որ խախտել է Աստծո Խոսքը և չէր տեսնի մեղքերի թողության և փրկության անհրաժեշտությունը: Խղճմտանքը հանդիմանում է մեզ բոլորիս, նույնիսկ նրանց, ովքեր երբեք չեն լսել աստվածային Պատգամի մասին և երբեք չեն կարդացել Աստվածաշունչը: Ամեն մարդ գիտի, թե երբ է սուտ խոսում, խաբում, գողանում կամ անում ինչ-որ արգելված բան: Մեր խղճմտանքը հաճախ խստորեն զգուշացնում է մեզ: Բոլոր մարդիկ, լինեն աղքատ թե հարուստ, բարի թե չար, հավասարապես մեղավոր են Աստծո առաջ: Այս աշխարհում բոլորս ծնվել ենք մեղավոր, բաժանված Աստծուց: Թող ոչ ոք չմտածի, որ այս ամենը այնքան էլ լուրջ չի, որովհետև, ի վերջո, ոչ ոքի չի սպանել, ոչ էլ ուրիշ հանցանք է գործել: Աստծո արդարացի դատավճիռը արձակվել է բոլորիս համար, ահա թե ինչու բոլորս պետք է մեռնենք: Բայց սա վերջը չէ:

 Առաջին մեղքից հետո Ադամն ու Եվան ստիպված եղան լքելու Եդեմի պարտեզը, արգելափակվեց պարտեզի մուտքը, և Աստծո հետ հաղորդակցությունը դադարեց: Դա սարսափելի էր: Մինչդեռ Աստված մեզ չմոռացավ և բացեց վերադարձի ճանապարհ դեպի Նա: Տերը եկավ մեզ մոտ Իր սիրով և անսահման գթությամբ: Քրիստոսով Նա հանդիպեց մեզ և կնքեց Նոր Ուխտը: Միայն Քրիստոսով կարող ենք հանդիպել Աստծուն և Ուխտի մեջ մտնել Նրա հետ:

 Քանի որ մեղանչել էինք այս երկրային մարմնի մեջ, Աստված պետք է այս բնույթի մարմին ստանար, որպեսզի Իր անձով ողջ մարդկությանը ներկայացնելով` միակ Անմեղը վերցներ Իր վրա բոլորիս մեղքի պարտքը և մեզ հաշտեցներ Իր հետ: Դա կատարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ով այս խոսքերն ասաց խաչի վրայի ավազակին. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23:43): Ամեն, ով որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի և կգնա դրախտ:

 Մեր Փրկչի ծնունդը եղավ զուտ աստվածային գերբնական զորությամը, որին Մարիամը ոչ մի մասնակցություն չի ունեցել: Մարիամը այս մեղսաբնույթ մարդկության մեջ ծնվեց բոլոր մարդկանց նման, ուստի նույնպես կարիք ուներ փրկության: Ոչ թե Մարիամը, այլ Փրկիչը ծնվեց առանց մեղքի այս մեղսաբնույթ մարդկության մեջ, որպեսզի ազատեր նրանց սկզբնական մեղքից:

 Հիսուս Քրիստոսը Աստծո հայտնությունն է մարդկային մարմնի մեջ: Նա միաժամանակ Աստված էր և մարդ: Հոգով Աստված էր, մարմնով՝ մարդ: Նա ոչ մի պատվիրան չխախտեց, Նա կատարելապես սուրբ էր և առանց մեղքի: Ահա թե ինչու միայն Նա կարող էր վերցնել բոլորիս մեղքերը և մեռնել մեր փոխարեն: Հաշտեցման և մեղքերի թողության համար թափված Նրա զոհի արյունը հավատացողներին տվել է կատարյալ քավություն և լիարժեք փրկություն: Ահա սա է անսասան խարիսխը յուրաքանչյուր աստվածաշնչային քրիստոնյայի համար: Երրորդ օրվա Իր հարությամբ փրկագնման գործը աստվածային կերպով պսակվեց և հաստատվեց: Ապացուցվեց, որ մահը, դժոխքը և սատանան պարտված են: Ամեն: Հարությունից հետո Նա բազմիցս հայտնվեց Իրեններին Իր փառավոր համբարձմանը նախորդող 40 օրերի ընթացքում: Մեզանից առաջ Նա մտավ փառքի մեջ և ասաց մեզ. «Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու… նորից կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ» (Հովհ.14:2,3): Նրա վերադարձի ժամանակ բոլոր մարդկանց որդիները, ովքեր իրենց երկրային կյանքի ընթացքում Աստծո որդիներ են դարձել, մասնակից կլինեն առաջին հարությանը, Նրան կտեսնեն և Նրա նման կլինեն. «…բայց գիտենք, որ երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան, ինչպես որ է» (Ա Յովհ.3:2): Սա հեքիաթ չէ և կարճ ժամանակից իրականություն կդառնա:

 Արդեն աշխարհի ստեղծումից առաջ ամենակարող Աստված հավիտենական թագավորություն էր նախատեսել Իր որդիների և դուստրերի համար: Մարդկության անկումը չի կարող ձախողել կամ ոչնչացնել Աստծո ծրագիրը. այն միայն ժամանակավորապես դադարեց: Մարդկությունը կամավոր ենթարկվել էր սատանայի իշխանությանը, բայց Տիրոջ կողմից փրկագնվեց առանց մարդկային միջամտության, որովհետև Ինքը Տերը մեզ համար բացեց վերադարձի ճանապարհ: Փրկությունը միաժամանակ պատմական փաստ է և փրկության պատմության իրականություն: Ավետարանի միջոցով բերվեց ուրախության և ազատության պատգամը: Աստված առաջարկում է համապարփակ շնորհք: Փրկագնման շնորհիվ մարդկանց որդիները, որոնք ի ծնե եղել են մահվան որդիներ, դառնում են Աստծո որդիներ, որոնք ստացել են հավիտենական կյանքը: 

 Քանի որ Աստծո թագավորությունը հավիտենական թագավորություն է, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այնտեղ ապրել, պետք է ունենան հավիտենական կյանք: Ահա թե ինչու «վերստին ծնունդը» բացարձակապես անհրաժեշտ է: «Եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել» (Հովհ. 3:3): Այդ ծննդի համար սերմը Աստծո Խոսքն է, որն Իր մեջ կրում է կյանքի սաղմը: Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա, ովքեր հավատքով ընդունում են Աստծո Խոսքը: Բնական ծննդի միջոցով դարձանք երկրային, ժամանակավոր կյանք ունեցող արարածներ: Խոսքի և Հոգու միջոցով Աստված հավիտենական կյանք է դնում փրկագնվածների մեջ. «Վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից, Աստծո կենդանի ու հավիտենական Խոսքով» (1 Պետր. 1:23): Նա, ով հավատում է, որ Հիսուսը իր Տերն ու Փրկիչն է, անձամբ կունենա փրկության փորձառությունը: Շնորհքի այդ անզուգական առաջարկը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են այն ընդունել, քանի դեռ շարունակվում է փրկության օրը: Փրկագնումը չի կատարվում ուսուցման կամ գիտության միջոցով, այն գտնվում է միայն Փրկչի մեջ, և միայն Նրա մեջ է պետք փնտրել այն:

 Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչքան սարսափելի կլինի հավիտենության մեջ նրանց համար, ովքեր մերժեցին փրկությունը: Մեր մահվան ժամին ենք հանդիպում դաժան իրականությանը. այն ժամանակ նույնիսկ նրանք, ովքեր չեն հավատացել մահից հետո կյանքին, կտեսնեն, որ մահով ամեն ինչ չի վերջանում: 

 Մեր Տերն ու Փրկիչը անհամեմատելի կերպով տարբերվում է կրոնի բոլոր հիմնադիրներից: Վիրավորական է Նրան համեմատել որևէ մարդու հետ և նրան կոչել պարզապես «մարգարե»: Բոլոր կրոնական փիլիսոփաները թաղվել են իրենց գաղափարներով: Նրանցից ոչ մեկը հարություն չի առել: Նրանք միայն մեզ նման մարդիկ էին և չէին կարող օգնել ո’չ իրենց, ո’չ էլ ուրիշներին: Հավիտենապես կա միայն Մեկը, որ կարող է ասել. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ.14:9): Միայն Քրիստոսով Աստված հանդիպեց մեզ, և միայն Նրանով կարող ենք հանդիպել Աստծուն: Միայն Մեկի միջոցով Հայրը բացահայտվեց երկրի վրա, այսինքն՝ Իր Որդու միջոցով, որով Նա մեզ դարձրել է Իր որդիներն ու դուստրերը: Միայն Մեկը կարող էր ասել. «Ինձ տեսնողը Հորը տեսավ»(Հովհ.14:9): Իսկապես, շատ ճանապարհներ են տանում Հռոմ, բայց միայն մեկն է տանում Աստծո մոտ:

 Սիրելի’ ընթերցող, հուսով եմ այս շարադրանքի մեջ կգտնեք ուղեցույց ձեզ համար: Ճշմարիտ հավատքը չի ապավինում մեռած փրկչին, այլ միայն կենդանի ու հարուցյալ Փրկչին, ով հաղթեց մահին, բարձրացավ երկինք, ապրում է հավիտյան և Սուրբ Հոգով ապրում է Իրեն պատկանողների մեջ(Հայտն.1:18): Նա ոչ միայն ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը», այլև տվեց դրա անհերքելի ապացույցը: Նա երաշխավորեց մեր հարությունը. «Ես եմ հարությունն ու կյանքը. ինձ հավատացողը թեկուզ մեռնի էլ, կապրի: Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի. սրան հավատու՞մ ես» (Հովհ.11:25,26):

 Սիրելի’ բարեկամ, միայն մեկ ճանապարհ կա, որ տանում է փրկության: Միայն մեկ ճշմարտություն կա, միայն մեկ Փրկիչ` Հիսուս Քրիստոսը: Ով ուզում է հասնել հավիտենական նպատակին, պետք է երես թեքի ամեն ինչից և դուրս գա ամեն կրոնական խառնաշփոթությունից, Բաբելոնից և հավատա Տեր Հիսուսին որպես իր անձնական Փրկչի: Կրոնին պատկանելը ոչ մի կապ չունի հոգու փրկության հետ: Ո’չ հաղորդության խորհուրդը, ո’չ էլ ոչ մի ուրիշ կրոնական գործողություն չեն կարող փրկել: Միայն Փրկչի մեջ ենք գտնում փրկությունը, միայն փրկագնողի մեջ ենք գտնում փրկագնում: Յուրաքանչյուրը պետք է անձնական հավատք ունենա միակ ճշմարիտ Աստծո հանդեպ, որը հայտնվեց մեզ Հիսուս Քրիստոսով և մեզ գնեց:

 Նույնիսկ մեր ունեցած լավագույն մտադրությունները դատապարտված են ձախողման, որովհետև մարդը Աստծո առաջ արդարանում է միայն Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի վրա հիմնված հավատքով: Դա շնորհքի ձրի և անվերապահ պարգևն է, որ Աստված տվել է մարդկությանը: Եկեղեցու պատմության ընթացքում տարբեր տիեզերաժողովների ժամանակ բերված հավելումները, որոնք չեն ուսուցանվել սկզբնական քրիստոնեության մեջ, ոչ մի արժեք չունեն Աստծո աչքերի առջև:

 Ձեզ համար հնչել է Աստծո ժամը. սա է ձեր հնարավորությունը փրկությունն ընդունելու: Մեր Տեր և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանը կդառնա ուրախության և ազատության Պատգամ ձեզ համար, որի ազդեցությունը դուք կզգաք: Հավատացեք, որ Տերը Իր վրա է վերցրել ձեր մեղքերը և ձեզ ողորմություն արել: Բոլորին կոչ է արվում վերադառնալ աստվածաշնչային վստահելի հավատքին, որն ունեին բոլոր մարգարեներն ու առաքյալները: Ոչ ոք չպետք է թույլ տա, որ իրեն խաբեն և մոլորեցնեն հավիտենությանը վերաբերող հարցերում: Յուրաքանչյուրը կարող է ստանալ Աստծո փրկությունը և ունենալ այն վստահությունը, որ ինքն ընդունված է Տիրոջ կողմից:

 Հենց այնտեղ, որտեղ գտնվում եք, կարող եք խոսել Աստծո հետ և աղոթքով ասել Նրան. «Տեր Հիսուս Քրիստոս, հավատում եմ, որ մեռար ինձ՝ մեղավորիս համար: Հավատում եմ, որ ինձ գնել ես, ընդունել ես: Տեր, ես պատկանում եմ Քեզ այս ժամանակում և հավիտենության մեջ: Ով իմ Աստված, Դու հանդիպեցիր մեզ Հիսուս Քրիստոսով, Նրանով ուզում եմ հանդիպել ես Քեզ»:

 Խնդրում եմ, հավատացեք 103 սաղմոսում ասվածին, ընդունեք այն անձամբ ձեզ համար և գոհացեք Տիրոջից Իր շնորհքի համար. «Ով իմ անձս, օրհնէ Տէրը ու այն ամէնը, որ իմ ներսիդիս է՝ անոր սուրբ անունը: Ով իմ անձս, օրհնէ Տէրը եւ անոր բոլոր բարերարութիւնները մի մոռնար: Որ կը քաւէ բոլոր անօրէնութիւններդ ու կը բժշկէ քու բոլոր հիւանդութիւններդ, որ կը փրկէ քու կեանքդ ապականութենէ եւ կը պսակէ քեզ ողորմութիւնով ու գթութիւնով…» (Սաղմ.103:1-4):