'

ԵՍ ՃՇՄԱՐԻՏ ՎԿԱ ԵՄ (I am a witness)

«Ես ճշմարիտ վկա եմ». Էվալդ Ֆրանկի վկայությունը, որը տեսագրվել է 1997 թվականի դեկտեմբերին: Կրեֆելդի միսիոներական կենտրոն:

Տիկնայք և պարոնայք, ողջունում եմ բոլորիդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին Անունով: Ես Ֆրանկ եղբայրն եմ Գերմանիայից, ճշմարիտ վկա այն բաների, որ Աստված արել է մեր սերնդում: Ուզում եմ տալ իմ վկայությունը ձեզ բոլորիդ աշխարհով մեկ, հուսալով, որ յուրաքանչյուրը կհասկանա այն բաները, որոնք ճշմարիտ ձևով են ասվում: Կուզենայի կարդալ Ղուկասի ավետարանի առաջին գլխի առաջին համարը. «Քանի որ մեր մեջ կատարված բաների պատմությունը վերստին կարգի բերելը շատերը ձեռնարկեցին, ինչպես ականատեսներն ու խոսքին սպասավոր եղողներն էին սկզբից ավանդել մեզ, ես էլ, որ սկզբից բոլոր բաները ճշմարտապես հետազոտեցի, ուզեցի քեզ կարգով գրել…»:

Սա Ղուկասի ավետարանում գրված շատ առանձնահատուկ հայտարարություն է, որն ասում է, որ շատերն են արդեն գրել իրենց պատմությունը: Նա ասում է. «Նրանք, ովքեր եղել են ականատեսներ և Խոսքի սպասավորներ»: Բավական չէ միայն ականատես լինելը, ոչ էլ բավական է միայն Խոսքի սպասավոր լինելը: Եթե Աստված կատարում է մարգարեությունները, և փրկության ծրագիրը հասնում է իր իրագործմանը, մենք կարիք ունենք մարդկանց, որոնք միաժամանակ ականատեսներ են և Խոսքի սպասավորներ և կարող են իրադարձությունները դասավորել ըստ Սուրբ Գրքի: Այսպիսով, Աստծո այս մարդը շատ համարձակ հայտարարություն է անում՝ ասելով, որ կատարելապես հասկանում է սկզբից կատարված բոլոր բաները (թարգմանություն անգլերենից): Գուցե մեկը կարծի, որ մարդու համար դա չափազանց համարձակ հայտարարություն է: Բայց եթե Աստված է գործում… եթե Աստված է ընտրում մեկին խոսելու և գրելու համար, Նա՝ կատարյալ Աստված, կատարյալ հասկացողություն է տալիս Աստծո կատարյալ Խոսքով նրանց, ում օգտագործում է Իր թագավորության մեջ: 

Կուզենայի կարդալ նաև Հովհաննու առաջին թղթի առաջին գլխի առաջին համարը. «Այն, որ սկզբից էր, որ լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և մեր ձեռքերը շոշափեցին՝ Կյանքի Բանի մասին»:

Սուրբգրային այս բոլոր հատվածները կապված են իրար հետ: Աստված վկաներ է ունեցել Հին և Նոր Կտակարաններում: Ամեն անգամ, երբ Նա ինչ-որ բան է անում, միշտ օգտագործում է մեկին՝ ցույց տալու համար, թե ինչ է Ինքը խոստացել և ինչ է անում հիմա: Մենք խոսում ենք փրկության ծրագրի մասին, որն արդեն հասնում է իր ավարտին: 

Գործք առաքելոց առաջին գլխում մեր Տերն ասում է. «Դուք իմ վկաները կլինեք»: Եսայի 43-րդ գլխում Տերն ասում է. «Դուք իմ վկաներն եք»: 2 Պետր. առաջին գլխում առաքյալը իր վկայությունը տալիս է հետևյալ խոսքերով. «Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ձեզ ցույց տվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ Նրա մեծափառությանն ականատես լինելով»: 18-րդ համարում առաքյալը հայտնում է. «Եվ երկնքից եկած այս ձայնը մենք լսեցինք, երբ Նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք»: 

Եթե գործ ունենք Աստծո և աստվածաշնչյան մարգարեությունների իրագործման հետ, եթե գործ ունենք Աստծո կողմից հաստատած ծառայության հետ, պետք է միշտ անդրադառնանք Սուրբ Գրքին. այնտեղ ենք գտնում խոստումը և պատասխանը, մինչ Աստված իրագործում է Իր խոստացված Խոսքը: Եթե նայում ենք մարդկության պատմությանը Հին Կտակարանում, տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ պետք է մի առանձնահատուկ բան կատարվեր երկրի վրա, Աստված գտնում էր մեկին, որի հետ կարող էր խոսել, որին կարող էր օգտագործել այդ ժամանակաշրջանում: Մենք ճանաչում ենք մարգարեներին. լսել ենք Ենովքի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի, Եղիայի մասին, բոլոր այն մարգարեների մասին, ում հետ Տեր Աստված խոսել է, ովքեր վկաներ են եղել, լսել են Աստծո ձայնը, անմիջական կապի, հաղորդակցության մեջ են եղել Աստծո հետ Սուրբ Հոգու ներշնչմամբ: Այսպիսով հասկանում ենք, որ որևէ բան անելուց առաջ Աստված խոսում է, ինչպես Սուրբ Գիրքն է ասում Ամովս 3:7 համարում. «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին» :Աբրահամը Ամենակարողի մարգարեն էր: Եվ Ծննդոց 18-րդ գլխում կարդում ենք, որ Տերը և երկու հրեշտակները այցելեցին այդ մարգարեին: 17-րդ համարում մեր Տերն ասում է. «Մի՞թե Աբրահամից կծածկեմ, թե ինչ եմ անելու….»: Երկու հրեշտակները շարունակեցին ճանապարհը և գնացին Սոդոմ, բայց Տերը մնաց Աբրահամի հետ և հաստատեց խոստումը, որը հետագայում իրականացավ Իսահակի մեջ: 

Սիրելի քույրեր, եղբայրներ, տիկնայք և պարոնայք, եթե նայում ենք Հին Կտակարանին, տեսնում ենք, որ նորկտակարանյան եկեղեցու պատմությունն արդեն հաղորդված էր: Բոլոր այն բաները, որոնք պետք է կատարվեին Նոր Կտակարանի ժամանակաշրջանում, արդեն հաղորդված էին Հին Կտակարանում: Հովհաննեսը խոստացված մարգարեն էր: Ես.40:3 և Մաղաք.3:1 համարներում գտնում ենք երկու գլխավոր մարգարեությունները Քրիստոսի առաջին գալստից առաջ եկողի մասին, որին նկարագրում են որպես անապատում հնչող ձայն՝ «Պատրաստեք Տիրոջ ճանապարհը»: Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է Աստված իրագործում Իր խոստումները: Հին Կտակարանի բոլոր մարգարեները խոսել են այդ մեծ իրադարձության մասին՝ նրանք հաղորդել են Մեսիայի գալուստը: Բայց Հովհաննեսը կամուրջ գցեց Հին և Նոր Կտակարանների միջև, դրա համար էլ մարգարեից ավելին էր: Նրանք հաղորդել էին, թե ինչ էր կատարվելու, բայց Նա կարող էր Մեսիային ցույց տալ և ասել. «Ահա Աստծո Գառը»: Այսպիսով, մենք պետք է հասկանանք սա, և ես ձեզ խնդրում եմ աղոթքով հետևել այն բաներին, որ կպատմեմ ձեզ: Ես չեմ կարծում, որ սա պատահականություն է: Ես հավատում եմ, որ Աստված ամեն բան կարգադրել է, որպեսզի դրանք կատարվեն Իր ուզած ժամանակ, Իր ուզած ձևով: 

Ես պետք է խոնարհությամբ ինձ ընդգրկեմ Աստծո ծրագրի մեջ, որի մաս եմ կազմում բազում տարիներ շարունակ: Պետք է ասեմ, որ իմ տոհմածառը հասնում է մինչև Ռեֆորմացիայի օրերը: Այն մարդկանցից մեկը, որոնք Ճշմարտության համար պայքարել են Մարտին Լյութերի կողքին և որոնց Աստված օգտագործել է այն ժամանակ արթնություն բերելու համար, եղել է Օգյուստ Հերման Ֆրանկը: Իմ նախապապը նույնպես կրել է այդ ազգանունը: Իմ ընտանիքում եղել են աստվածավախ մարդիկ: Թեև լյութերական էին, հավատում էին Աստծո Խոսքին, որքանով, որ այն բացված էր իրենց օրերում և ժամանակներում: Ես ինքս հաճախում էի մկրտական եկեղեցի: Այնտեղ եմ ես մկրտվել, բայց իմ ճանապարհն այնտեղ կանգ չառավ: 

Ես սկսեցի շփվել Լրիվ Ավետարանի ծառայության հետ մեր երկրում, և արդեն 1949 թվականին ունեցա փրկության առաջին փորձառությունը: Ես ոչ միայն դարձի եկա և վերստին ծնվեցի, այլև լցվեցի Սուրբ Հոգով և այն պահից եռանդ եմ ունեցել ծառայելու իմ Տիրոջը, որն ինձ սիրեց այդքան հրաշալի ձևով: Մի մարդ եկավ Ամերիկայից, որի անունը Հոլ Հերման էր: Նա քարոզում էր Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նա ճանաչված մարդ էր Հոլիվուդում: Բայց Հիրոսիմայի և Նագասակիի երկու ռմբակոծություններից հետո, նա ամերիկյան կառավարության կողմից նշանակվեց Ճապոնիայի ռմբակոծությունների հետևանքները նկարահանելու համար: Այդ անելիս, բնականաբար, շատ խիստ վշտացավ: Մտքով գնաց դեպի Հայտնության գիրք… ինքն իրեն հարցրեց, թե ինչ կլինի, երբ Հայտնության դատաստանները հարվածեն երկիրը: Այն ժամանակվանից խիստ վրդովված էր, նա, որ մեծացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ոչ միայն շփվում էր գեներալ Մակքարթիի հետ, այլև ճանաչում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին: Բայց ինչ-որ բան խոսեց իր սրտի հետ: Այսպես նա գնաց Լոս Անջելեսում տեղի ունեցող մի հավաքույթի, որտեղ քարոզում էր Ուիլյամ Բրանհամը: Աստված դիպչեց նրա սրտին և փրկեց նրա հոգին: Այն ժամանակ սկսեց վկայել, թե ինչ է Աստված արել իր համար:

Բայց ես պետք է բաց թողնեմ մի քանի տարի և հասնեմ 1953 թվականին: Որպես ամենաերիտասարդ սպասավոր, երբ դեռ 20 տարեկան էլ չկայի, ընտրվեցի Գերմանիայի ազատ հոգեգալստական կոնֆերանսում քարոզելու համար: 1955 թվականը շատ առանձնահատուկ ժամանակ է եղել իմ կյանքում: Ես ունեցա առանձնաշնորհում մասնակցելու Բրանհամ եղբոր հավաքույթներին Գերմանիայում տասը օր շարունակ: Ես պետք է ասեմ, (և այդ անում եմ հաճույքով` որպես վկա), որ այն, ինչ տեսել եմ այդ տասը օրերի ընթացքում հենց այն էր, ինչի մասին գրված է Գործք առաքելոց գրքում և Ավետարաններում: Ոչինչ պակաս չէր դրանցում նկարագրվածից: Կույրերը տեսնում էին, մեծ հրաշքներ և նշաններ էին կատարվում: Եվ բնականաբար ամեն օր, ամեն ժամ, մենք լալիս էինք, աղաղակում, երգում և օրհնում Աստծուն: Աստվածաշնչյան օրերը վերադարձել էին: Մեզ համար ոչ միայն գրված էր Եբր.13:8 համարում՝ «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան», այլև դա կենդանի իրականություն էր: Ես ճշմարիտ վկա եմ. ես լսել եմ, տեսել եմ, ներկա եմ եղել, երբ դա կատարվեց:Ես ներկա էի, երբ ի ծնե կույր մի տասնմեկ տարեկան աղջիկ, մեկ ակնթարթում տեսողություն ստացավ: Ես այնտեղ էի, երբ քաղցկեղից մեռնող մարդիկ բերվում էին պատգարակների վրա շտապ օգնության մեքենայով: Մի մարդ կար, որը դասախոս էր, որի հետ խոսելով՝ Բրանհամ եղբայրն ասաց. «Պարոն, լույսը ձեզ վրա է: Աստված ձեզ բժշկում է: Ես տեսա այդ տեսիլքում»: Եվ Բրանհամ եղբայրը հեղինակությամբ ասաց այս խոսքերը. «Դու բժշկված ես Աստծո զորությամբ, նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով»: 18-20 հազար մարդու աչքերի առաջ, այս մարդը, որ միայն մի ստվեր էր և պառկած էր պատգարակին, վեր կացավ և պատգարակը դնելով գլխին, դուրս եկավ հավաքույթի մեծ վրանից:

Սիրելի բարեկամներ, ես ճշմարիտ վկա եմ: Այդ պահից սկսած այդքան զորավոր և հրաշալի ձևով հաստատված այդ ծառայությունը իմ մեջ մի ցանկություն առաջացրեց՝ ավելի լավ իմանալ, թե ինչ էր Աստված անում այդ ժամանակներում: Հետո պատահեց, որ ողջունեցի Բրանհամ եղբորը այն հյուրանոցի սրահում, որտեղ նա մնում էր հավաքույթների ժամանակ: Մինչև նրա ձեռքին դիպչելը նա կանգ առավ և ինձ նայելով ասաց. «Դու Ավետարանի սպասավոր ես, կինդ կանգնած է մուտքի մոտ»: Նա մարգարե էր: Աստված նրան տեսիլքներ էր տալիս:

Եվ, բարեկամներ, թույլ տվեք ասել, որ նա իմ տեսած մարդկանցից միակն էր, ով ոչ միայն կարող էր կիրառել Եբր.13:8 համարում գրվածը, այլև Հովհ.14:12 համարում գրվածը, որտեղ մեր Տերն ասում է. «Ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ Ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ բաներ կկատարի»: Նա օգտագործում էր նաև Հովհ.5:19,20 համարները. «Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս»: Ուիլյամ Բրանհամը մարգարե էր: Նա ոչ միայն մարգարե էր, տեսիլքներ տեսնող, այլև խոստացված մարգարեն էր: Դուք շուտով կհասկանաք այդ, երբ քայլ առ քայլ առաջ գնանք այն բաների միջով, որ Աստված արել է: Պարզապես ուզում եմ ասել սա՝ ես հավատում եմ այն բանին, ինչ Աստված արել է Իր սուրբ Խոսքի համաձայն: Ես բավական հիմար պետք է լինեի, որ անցնեի այն բանի կողքով, ինչ Աստված արել է իմ սերնդի մեջ: Ինչպես Բրանհամ եղբայրն էր հաճախ ասում, մենք Աստծուն փառք ենք տալիս այն բաների համար, ինչ Նա արել է անցյալում, սպասում ենք այն բաներին, ինչ պետք է անի ապագայում, բայց անցնում ենք այն բաների կողքով, ինչ Նա անում է հիմա: 

Այժմ հասնենք 1958 թվականին, երբ ես մասնակցեցի «Բժշկության ձայնի» համաժողովներից մեկին, որը կազմակերպել էր Գորդոն Լինդսեյը Տեխասի Դալլաս քաղաքում: Նա է գրել «Ուիլյամ Բրանհամ՝ Աստծուց ուղարկված մարդ» գիրքը: 1958 թվականին ես մասնակցեցի այդ համաժողովին: Այնտեղ ծանոթացա մոտ 200 ամերիկացի ավետարանիչների հետ: Երեկոյան հավաքույթներին Բրանհամ եղբայրն էր հիմնական քարոզիչը: Ես չեմ դատում, միայն ձեզ հաղորդակից եմ դարձնում իմ տեսած բաներին: Ես այն ժամանակ հարմար առիթ ունեցա ծառայությունները համեմատելու համար: Բոլոր մյուսները պերճախոս քարոզիչներ էին: Բայց երեկոյան հավաքույթները, որոնց ժամանակ սկսում էր քարոզել Բրանհամ եղբայրը, այնքան տարբեր էին: Յուրաքանչյուր մարդ կարող էր զգալ Ամենակարող Աստծո գերբնական ներկայությունը: Եվ ամեն ծառայության ժամանակ դրսևորվում էր զանազանության պարգևը: Բրանհամ եղբայրը տեսիլքներ էր տեսնում, երբ աղոթում էր նրանց համար, ովքեր գալիս էին իրենց կարիքներով: Այսպես, Աստծո շնորհքով, Տեխասի Դալլաս քաղաքում Աստված բացեց իմ աչքերը և սկսեցի հասկանալ, որ այդ ծառայությունը մի սովորական ծառայություն չէր մյուսների մեջ, այլ այն առանձնահատուկ կապ ուներ փրկության ծրագրի հետ: Աստված էր գործում այդ ծառայության մեջ. այն հաստատվել էր Ամենակարողի կողմից այդ ժամանակների համար: Հենց այդ տարում ծանոթացա Թոմմի Օսբորնի, Օրալ Ռոբերտսի և բոլոր մյուս մեծ ավետարանիչների հետ, որոնց անունները կարող եք նշել և որոնք ճանաչված են ողջ աշխարհում: 

1960 թվականին Թոմմի Օսբորնը եկավ Գերմանիա. նա ինձ այցելեց իմ փոքրիկ բնակարանում և ինձ խնդրեց լինել իր եվրոպական մենեջերը: Այն ժամանակ հրաշալի առաջարկ էր գերմանացու համար ունենալ մեծ մեքենա, լավ աշխատավարձ և այլևս կարիք չունենալ շարունակելու այն աշխատանքը, որ ես անում էի այն ժամանակ գերմանական կառավարությունում: Բայց անկեղծորեն ասացի, որ ես սկսել եմ գերմաներեն թարգմանել Բրանհամ եղբոր քարոզները: Դա եղավ մեր զրույցի վերջը: 

Սիրելիներ, այն ժամանակ ես գիտեի, որ պետք է որոշակի դիրքորոշում ընդունեմ անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ: Ես գիտեի, որ դա Աստծո կողմից հաստատված ծառայություն էր, և ես պարտավոր էի պատմել այն, ինչ Աստված տվել էր, ինչպես իմ ժողովրդին, այնպես էլ ուրիշներին: 

Հետո եկավ 1962 թվականը: Երկուշաբթի էր, ապրիլի երկուսը, օրը սկսվելուց առաջ, արևածագից առաջ: Մի բան կատարվեց, և ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, Լյութերի թարգմանությամբ իմ գերմաներեն Աստվածաշնչի երկրորդ հրատարակությունը, որն ավելի քան 400 տարեկան է, իմ առջև է, այստեղ է նաև իմ անգլերեն Աստվածաշունչը: Եվ Ամենակարող Աստված, որ բոլորի դատավորն է, գիտի, որ դա իրոք կատարվել է: Ես ոչ մի գաղափար չունեի, ես չէի աղոթել դրա համար, և դա կատարվեց Լուիզ փողոցում, 160 բնակարանում, երկրորդ հարկում: Ես առավոտյան շուտ էի արթնացել, ես մոտեցա պատուհանին, վարագույրները քաշեցի աջից ձախ: Ես դուրս էի նայում. մի նոր օր էր բացվում, և ամպ չկար երկնքում: Ես հեռացա պատուհանից, մի կարճ աղոթք անելով և օրը Տիրոջը հանձնելով: Այդ աղոթքից հետո նայում էի պատուհանին, այնտեղից երկու-երեք մետր հեռավորության վրա կանգնած: Վերևից և աջ կողմից եկավ Աստծո ահեղ ձայնը, որը ամեն բառն արտաբերում էր հստակորեն և գերմաներեն լեզվով: Տերն ինձ ասաց այս խոսքերը. «Իմ ծառա, այս քաղաքում քո ժամանակը շուտով կվերջանա: Ես քեզ կուղարկեմ ուրիշ քաղաքներ՝ քարոզելու Իմ Խոսքը»: 

Բարեկամներ, հաջորդ պահին ուշաթափվեցի: Ձախ թևիս վրա ընկա գորգին, այլևս ուժ չկար իմ մարմնում: Միայն մի քանի վայրկյան հետո մի քիչ ուժ ստացա: Նորից սկսեցի ձախ ձեռքս շարժել դեպի աջ, հետո վերջապես ոտքի կանգնեցի և դեռ նայում էի պատուհանին: Դողալով ասացի այս խոսքերը. «Տեր, նրանք ինձ չեն լսի, նրանք ամեն բան առատորեն ունեն: Նրանք պատրաստ չեն լսելու»: Հազիվ էի ասել այս վերջին խոսքերը, երբ Տերը երկրորդ անգամ խոսեց ինձ հետ. «Իմ ծառա, կգա ժամանակ, երբ կլսեն քեզ: Կերակրի պաշար հավաքիր, որովհետև մեծ սով է լինելու: Այն ժամանակ կկանգնես ժողովրդի մեջ և կերակուր կբաժանես»

Սիրելիներ, դուք, որ ապրում եք տարբեր երկրներում և մայրցամաքներում, լիովին չեք կարող հասկանալ իմ վիճակը: Բայց 1961 և 1962 թվականներին սառը պատերազմը հասել էր իր գագաթնակետին. կար Կուբայի ճգնաժամը, Բեռլինի ճգնաժամը: Իսկ Բեռլինում ռուսական և ամերիկյան տանկերը դեմ դիմաց էին, և մենք մտածում էինք, որ ցանկացած պահի ողբերգություն կպատահի մեր երկրում: Քանի որ բնական ուտելիքների մասին էր խոսվել, ես արեցի հասկացածիս չափով. ես ասացի փոքրիկ եկեղեցուն, թե ինչ էր ասել Տերը, և մենք սկսեցինք ամեն տեսակ ուտելիքներ հավաքել: Բայց ոչ մի սով չեղավ, ոչ մի ողբերգություն չեղավ, բայց ինչ-որ բան պատահեց ինձ, և ես ասացի. «Տեր, ես այլևս չեմ կարող ապրել, չեմ կարող քարոզել… որովհետև Դու ասացիր, և դա չկատարվեց»: Հետո հանկարծ մտածեցի ինքնաթիռ նստել և հանդիպել Բրանհամ եղբորը՝ ակնկալելով, որ Աստված նրան կօգտագործի ինձ հետ խոսելու և պատասխան տալու համար: Ես չէի ուզում սպասել 1962 թվականի դեկտեմբերի 31-ին: Երկուշաբթի էր, դեկտեմբերի 3-ը, և ես Բրանհամ եղբոր, Բենքս Վուդ եղբոր և Սոտման եղբոր հետ նստած էի նույն մեքենայում: Բրանհամ եղբայրը նստած էր ղեկի մոտ, իսկ ես՝ նրա աջ կողմում: Նա եկավ ինձ վերցնելու իմ բնակավայրից, և մենք միասին ճաշեցինք: Բրանհամ եղբայրը խոսում էր Գերմանիայում, Շվեյցարիայում տեղի ունեցած հավաքույթների մասին, և մինչ շարունակում էինք զրուցել, եկավ այն պահը, երբ ես ասացի. «Բրանհամ եղբայր, կուզենայի քեզ մի բան հարցնել»: Նա թեթևակի բարձրացրեց իր աջ ձեռքը այսպես և ասաց. «Ֆրանկ եղբայր, կարո՞ղ եմ քեզ ասել այն, ինչ քեզ Տերն ասել է»: Բարեկամներս, դուք կարող եք ինձ չհավատալ, բայց ես եղբայրներ ունեմ ուրիշ երկրներից, որոնք հասել են մինչև Միացյալ Նահանգներ՝ Բենքս Վուդ և Սոտման եղբայրներին հարցնելու համար, թե արդյոք իրենք այնտեղ են եղել, երբ Բրանհամ եղբայրը խոսել է ինձ հետ: Նրանք, որ Գերմանիայից, Ֆրանսիայից և ուրիշ այլ երկրներից էին, վերադարձան Եվրոպա, և հաստատեցին, որ նրանց իսկ բերանից իրենք լսել են այն վկայությունը, որ ես ձեզ տալիս եմ հիմա: Բրանհամ եղբայրը բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն, ճիշտ հերթականությամբ կրկնեց այն բառերը, որոնք Տերն ինձ ասել էր Գերմանիայում: Աստծո ներկայությունը այնքան զորավոր էր: Այնուհետև, Տիրոջ ասած խոսքերը կրկնելուց հետո, ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու լավ չես հասկացել Տիրոջ ասածը: Դու կարծում էիր, թե բնական աղետ և բնական սով կլինի, ուստի բնական կերակրի պաշար ես հավաքել»: Նա շարունակեց և ասաց. «Աստված Իր Խոսքը լսելու սով է ուղարկելու: Իսկ կերակուրը, որը պետք է հավաքել այս ժամանակի համար խոստացված Խոսքն է, որը բացահայտվել է Սուրբ Հոգով և պահված է ձայնագրված քարոզներում»:

Այս հայտարարությունն անելիս Բրանհամ եղբայրը խոսեց ձայնագրությունների մասին: Իհարկե, 1958 թվականի սեպտեմբերից ես ստանում էի բոլոր քարոզները, որ Բրանհամ եղբայրը տալիս էր Ամերիկայում: Երեք տարի անց ես դրանք ստանում էի Գերմանիայում և իրոք այդպես տարեցտարի աճեցի նրա ծառայության ներքո: Դա կարգադրված էր Ամենակարող Աստծո կողմից: Վերջին բառերը, որ Բրանհամ եղբայրն ասաց դեկտեմբերի երեքին այդ զրույցի ժամանակ, սրանք էին. «Ֆրանկ եղբայր, կերակուրը բաժանելու համար սպասիր, մինչև ստանաս մնացած պաշարը»: Այս մասը ես լավ չհասկացա, բայց չէի համարձակվում հարցնել, թե ինչ է նշանակում: Այսպիսով, Աստծո շնորհքով պետք է հասկանանք, որ այն պահին, երբ Տերը խոսել է ինձ հետ, Տիրոջ հրեշտակը ասել էր Բրանհամ եղբորը. «Մի ուղևորվիր Ցյուրիխ՝ Շվեյցարիա, Լրիվ Ավետարանի գործարարների հետ միայն մեկ հավաքույթի համար: Այլ վերադարձիր Ջեֆերսոնվիլ և կերակրի պաշար հավաքիր»: Դուք բոլորդ, որ ծանոթ եք ժամի պատգամին, գիտեք, որ նա այդ մասին խոսել է ամենաքիչը երեք անգամ, ասելով, թե ինչպես է դա իրեն ասվել, և ինչպես պետք է Աստծո շնորհքով կերակրի պաշար հավաքեր: 

Այժմ անդրադառնանք 1963 թվականին, երբ յոթ կնիքները բացվեցին համաձայն այն տեսիլքի, որը Բրանհամ եղբորը ցույց էր տրվել 1962 թվականի դեկտեմբերի 22-ին: Երբ ես այնտեղ նրա հետ էի, նա ինձ ասաց, որ 1963 թվականի հունվարին ընտանիքով տեղափոխվում է Թուսոն: Ես Բրանհամ եղբորը ճանաչում էի ոչ միայն քարոզների միջոցով, այլև գնացել եմ նրա տուն, նրա հետ եղել եմ նույն մեքենայում և այլն: Բայց նրա հետ ունեցած իմ կապը բնական ոլորտում չէր, այլ հոգևոր: Յոթ կնիքների հայտնությունը ստանալուց հետո նա սխալ հասկացվեց ավետարանիչների կողմից, որոնք իրենց ներշնչումը ստացել էին նրա հավաքույթների ժամանակ: 

Եթե վերադառնաք 1946 թվականի մայիսի յոթին, չեք գտնի ոչ մի բառ, ոչ մի հիշատակում Բիլլի Գրեհեմի, Օրալ Ռոբերտսի և ուրիշ ավետարանիչների մասին: Հենց Ուիլյամ Բրանհամին է այցելել երկնային այցելուն՝ հրեշտակը, 1946 թվականի մայիսի յոթին: Ես դրան հավատում եմ ամբողջ սրտով: Ես դրան հավատում եմ ճիշտ այնպես, ինչպես հավատում եմ, որ ըստ Ղուկ. 1-ին գլխի, Զաքարիային հրեշտակ է հայտնվել և խնկի սեղանի աջ կողմում կանգնած, նրան խոստացել է, որ Եղիսաբեթը որդի է ունենալու, որը քայլելու է Տիրոջ առաջ՝ Նրա ճանապարհը պատրաստելու համար: Նույն կերպ, հրեշտակը հայտնվեց Մարիամին, ինչպես գրված է Ղուկ. 1-ին գլխում, և խոստացավ, որ ծնվելու է Մեսիան: Եթե նայեք Հին և Նոր Կտակարաններին, կտեսնեք, որ ամեն անգամ, երբ ինչ-որ գերբնական բան էր կատարվում երկրի վրա, Աստված գործում էր խորհրդավոր ձևով՝ իրականացնելու համար Իր հրաշքները, Իր խորհուրդը: Դուք կարող եք Նոր Կտակարանում կարդալ, որ մի հրեշտակ բացեց բանտի դռները, որ Պետրոսը դուրս գար, մի հրեշտակ հայտնվեց Կոռնելիոսին՝ նրան պատվիրելով, որ կանչի Սիմոնին, որն իրեն կհայտներ այն ճանապարհը, որին պետք է հետևել և այն խոսքերը, որոնք ինքը պետք է լսեր: Մի հրեշտակ հայտնվեց Պողոսին՝ պատմելով, թե ինչ էր կատարվելու: Աստվածաշնչի վերջին գլխում մի հրեշտակ հայտնվեց Հովհաննեսին Պատմոս կղզում՝ նրան ցույց տալով այն ամենը, ինչ Աստծո ծառաները պետք է իմանան և ինչ, որ պետք է շուտով կատարվի: Հայտն.22:6 համարում նորից հաստատվում է, որ Տեր Աստված ուղարկել էր Իր հրեշտակին: Եվ Նա հրեշտակներ է ուղարկել ամեն անգամ, երբ ինչ-որ առանձնահատուկ բան էր կատարվում: Երբ մեր Տերը ծնվեց, ըստ Ղուկ.2-րդ գլխի, ողջ երկնային զորքը իջավ երգելով, լույսը փայլեց Բեթլեհեմի և ողջ շրջանի վերևում, գիշերը լուսավորվեց, և մի հրեշտակ հայտարարեց. «Այսօր ձեզ Դավթի քաղաքում մի Փրկիչ ծնվեց, որ է՝ Օծյալ Տերը»: Եթե կարդաք Հին Կտակարանը, հատկապես Դանիել մարգարեի գիրքը, որին ցույց տրվեցին վերջին ժամանակների իրադարձությունները, կտեսնեք, որ հրեշտակը եկավ Դանիելի մոտ և ասաց, որ բացատրելու է իրեն ցույց տրված բոլոր բաները:

Սիրելիներ, Աստված ոչ ոքից թույլտվություն չի խնդրելու. Նա կանի այն ամենը, ինչ մտադրվել է անել և Նա օրհնում է նրանց, ովքեր չեն վիճում, չեն մերժում Աստծո գործը: Այն պահին, երբ Աստծո խորհուրդը հասնում է իր իրագործմանը, և կատարվում է խոստացված Խոսքը, Աստված գործում է: Եվ հատկապես, երբ խոստացված մարգարե է հայտնվում ասպարեզում, ժամանակն է հասկանալու, որ Աստված իրագործում է պատմությունը: Ո’վ մարդ, քեզ չէ տրված դատելը: Նա այդ անում է, որ դու հարգես Աստծուն և կարողանաս հասկանալ, թե ինչ է Նա անում փրկության ծրագրի համաձայն: 

Այժմ մի քիչ ավելի հեռուն գնանք: Մենք գիտենք, որ Բրանհամ եղբայրը մեզանից վերցվեց 1965 թվականի դեկտեմբերին, իսկ հիմա 1997 թվականի դեկտեմբերն է: Բոլոր այս տարիներն անցան, և մենք գիտենք, որ Աստված կանգ չառավ 1965 թվականի դեկտեմբերին. իրականում աշխատանքը նոր է սկսվում: Ահա թե ինչ կատարվեց դեկտեմբերի 24-ին: Ես սա ասում եմ Աստվածաշունչն իմ առջև դրված: Ես ապրում եմ Գերմանիայում, և չգիտեի, թե ինչ է կատարվել Բրանհամ եղբոր հետ: Ես չէի կարող իմանալ, որ նա վերցվել է մեզանից դեկտեմբերի 24-ին, որը իմ ծննդյան օրն է: Ես ձեզ ասում եմ ճշմարտությունը. ես շատ տեսիլքներ և երազներ տեսնող կամ հոգևոր պարգևներ ունեցող մարդ չեմ, բայց ես տեսա Բրանհամ եղբորը ամպի վրա, որն ավելի ու ավելի էր բարձրանում: Նրան տեսնելով ամպի վրա՝ այսպես կռացած ասացի. «Բրանհամ եղբայր, դու Մարդու Որդին չես, ի՞նչ ես անում այդ ամպի վրա»: Ես չգիտեի, որ նա հենց այդ պահին է վերցվել Տիրոջ մոտ գնալու համար: 

Միայն հունվարի հինգին Համբրուսթուրի եղբորից իմացա Բրանհամ եղբոր մահվան մասին: Դա ամենասարսափելի նամակն էր, որ ես ստացել եմ իմ կյանքում: Դուք չեք կարող պատկերացնել, թե դա ինչ էր նշանակում ինձ համար: Բայց թաղման օրն ավելի վատ էր: Ես ներկա էի, և տեսա Բրանհամ եղբորը դագաղի մեջ: Նա չէր թաղվել մահից անմիջապես հետո, այլ միայն որոշ ժամանակ անց: Ես ներկա էի, և տեսա նրան դագաղում պառկած: Ես նրան տեսա նաև, երբ դագաղը դրին հողի մեջ: Սիրելի բարեկամներ, դա սարսափելի օր էր ինձ համար, կարծես ողջ աշխարհը քանդվել էր: Ինքս իմ մեջ ասում էի. «Տեր, Հիսուս Քրիստոսի Հարսը ինչպե՞ս կպատրաստվի Քո գալստին առանց այս ծառայության»: Բոլոր մյուսները երգում էին. «Միայն հավատա, միայն հավատա» երկու ժամ շարունակ, իսկ ես անընդհատ լաց էի լինում: Ես չմիացա երգին, սիրտս կոտրված էր: 

Բարեկամներ, նույն օրվա երեկոյան, երբ վերադարձա հյուրանոցի իմ սենյակը, մի երկնային խաղաղություն իջավ ինձ վրա, և այս անգամ ոչ թե ձայն, այլ ինչ-որ բան խոսեց սրտիս հետ. «Իմ ծառա, այժմ եկել է քո ժամանակը՝ բաժանելու հավաքած կերակուրը»: Դա նման էր պտտվող սկավառակի, և ես նույնիսկ կռանում էի, որ կարողանամ լսել: 

Կարիք չկա ասելու, որ վերադարձա Գերմանիա: Հաջորդ օրը խոսեցի գերմանական կառավարության հետ, որովհետև տասներկու տարի շարունակ քարոզելու հետ միաժամանակ աշխատում էի:Բայց հիմա պիտի դադարեցնեի մարմնավոր աշխատանքը և լիովին նվիրվեի ծառայությանը: Վերադարձից առաջ խոսեցի Միացյալ Նահանգների եղբայրների հետ՝ Ռոյ Բորդըրզ եղբոր, Փիրի Գրին եղբոր և ուրիշ եղբայրների հետ՝ ասելով, որ անհրաժեշտ է հրատարակել Բրանհամ եղբոր քարոզները, որպեսզի կարողանանք թարգմանել գերմաներեն և այլ լեզուներով: Եվ նրանց պատմեցի, թե Տերն ինձ ինչ էր ասել, և որ ժամանակն էր բաժանելու հավաքած կերակուրը: Դա իմ նախաձեռնությունը չէր, այլ Աստծո կարգադրությունը, Ամենակարողի պատվերը, որը ժամանակից առաջ էր հայտնել, թե ինչ էր կատարվելու, և երբ ժամանակը եկավ, հայտնեց ինձ: Եվ այն ժամանակվանից կատարելապես ըմբռնել եմ Աստծո կատարյալ Խոսքը, որը բացահայտվել է մարգարեական ծառայության միջոցով և որը պետք է տարածվի աշխարհով մեկ: 

Հրաշալի է տեսնել, թե Աստված ինչպես սկսեց աշխատանքը: Կարող եք չհավատալ, բայց մենք ոչնչից ենք սկսել: Եվ կարող եմ ասել, որ ոչ մի դոլար չենք ստացել աշխատանքը սկսելու համար: Աստված՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածը հենց սկզբից մեզ հետ էր: Այսպիսով՝ սկսեցինք Աստծո Խոսքը մատակարարել հնարավորին չափ շատ մարդկանց՝ հավաքույթներ կազմակերպելով Գրին եղբոր համար, որն արդեն 1966 թվականին եկավ Գերմանիա և այլ եվրոպական երկրներ՝ վկայելու համար այն, ինչ տեսել և լսել էր Տիրոջ կողմից տրված այդ ծառայության ընթացքում: Փիրի Գրինն է գրել «Մարգարեի գործերը» գիրքը: Աստված օգտագործել է նրան՝ վկայելու համար այն բազմաթիվ բաները, որոնք նա ամեն տեղ լսել և տեսել էր: Սա է նրա ծառայությունը: Մեկ ուրիշ գիրք կա, որը նույնպես կուզենայի նշել՝ Յուլիուս Շտադսկլեվի «Ուիլյամ Բրանհամ. մի մարգարե է այցելում հարավային Աֆրիկան» գիրքը:

Բազմաթիվ մարդիկ ականատես են եղել, մարդիկ, որոնք տեսել և լսել են, թե Աստված ինչ է արել մեր ժամանակներում: Այսպիսով՝ 1966 թվականից ծառայությունը սկսվեց ոչ միայն Գերմանիայում, այլև ողջ Եվրոպայում: 1968-1978 թվականներին 20 րոպե տևող հաղորդում էի վարում Լյուքսեմբուրգի ռադիոյում, որը Եվրոպայի ամենաուժեղ կայանն է, և ես կարող էի Աստծո Խոսքը ասել 120 միլիոն մարդկանց, որոնք գերմաներեն են խոսում Եվրոպայում: Հնարավոր է, որ դուք չիմանաք աշխարհագրական դիրքը, բայց եթե համեմատենք Եվրոպայի լեզուները, գերմաներենը ամենաշատ խոսվող լեզուն է այս մայրցամաքում: Եվրոպայում 57, 58 և 59 միլիոն մարդ է խոսում իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն: Բայց 120 միլիոնից ավելի մարդ խոսում է գերմաներեն: Այսպես, Աստված օրհնեց այս ծառայությունը գերմանախոս երկներում և շրջաններում, ինչպես նաև հարևան երկրներում: 

Կուզենայի ձեզ հայտնել, որ չունենաք այն տպավորությունը, թե մենք մարդու ենք ներկայացնում: Ինձ մտահոգում է միայն փրկության ծրագիրը, միայն այս ժամանակների համար խոստացված Աստծո Խոսքը: Իմ գործը Մովսեսի, Եղիայի և Աբրահամի հետ չէ, այլ ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ Աստված արել է նրանց միջոցով: Այստեղ է տարբերությունը, որը պետք է նկատենք: Պողոսն ինքը ոչինչ էր, բայց Աստված ընտրեց նրան և առանձնահատուկ անոթ դարձրեց: Հովհաննես Մկրտիչը առանց Աստծո ընտրության, առանց հատուկ հանձարարության նույնիսկ չէր հիշատակվի: Նույնը վերաբերում է բոլոր մյուսներին, ինչպես նաև մեր թանկագին և սիրելի եղբայր Ուիլյամ Բրանհամին: 

1950 թվականի հունվարին, երբ Բրանհամ եղբայրը քարոզում էր Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում, մի մեծ դահլիճում, ուր նստած էին մոտ ութ հազար մարդիկ, նրան հարցրին իր ծառայության մասին: Մի հովիվ բանավիճում էր նրա դեմ՝ ասելով, որ հրաշքների և առաքյալների ժամանակներն անցել են, և այնտեղ կատարված բոլոր բաները հակառակորդից են: Երբ Բրանհամ եղբորը կանչեցին, նա բեմ բարձրացավ և ասաց. «Ես չեմ եկել, որ ինքս ինձ համար խոսեմ: Բայց Նա, ով ինձ ուղարկել է, կվկայի ինձ համար»: Այդ պահին մամուլի լուսանկարիչները շատ զբաղված էին ևս մի քանի լուսանկարներ անելով: Պարոն Այերսը, պարոն Կիպերմանը հատկապես շահագրգռված էին դրանով: Հենց այդ պահին արվեց այս լուսանկարը՝ Բրանհամ եղբոր գլխավերևում հայտնված գերբնական լույսով լուսանկարը: 

Սիրելիներ, սա Աստծո աստվածային գործն է: Դոկտոր Ջորջ Լեյսին գրել է 1950 թվականի հունվարի 29-ին… Լինելով կասկածելի փաստաթղթերի հետազոտող՝ նա ամենաորակավորված մարդն էր այդ հարցում: Նա պարտականություն ուներ ամերիկյան կառավարության առջև ասելու ճշմարտությունը: Նա արեց հետևյալ զեկուցումը. «Սևանկարը ռետուշված չէ, և դա պայմանավորված է պատկերընկալի վրա ընկած լույսով»: Կարող եք հավատալ, կամ ոչ, բայց Ֆրանկ եղբայրը մի մարդ է, որը ցանկանում է անձամբ համոզվել: 1968 թվականի դեկտեմբերին, երբ գնում էի Թուսոնում տեղի ունեցող համաժողովին, կանգ առա Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ), փնտրելով այդ վայրը: Եվ դա այն պատճառով, որ Բրանհամ եղբայրը բազմիցս ասել էր, որ լուսանկարը ցուցադրվում է Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ): Մոտավորապես առավոտյան ժամը տասնմեկն անց տասնհինգ էր, երբ գտա Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող մի մեծ շենք՝ Արվեստների թանգարանը: Եվ այդ լուսանկարը տեսա իմ աչքերով: Ինձ հետ խոսող մարդն ասաց. «Հարգելի պարոն, ես հասկանում եմ, որ եկել եք Գերմանիայից՝ այդքան հետաքրքրություն ցուցաբերելով այս լուսանկարի հանդեպ, բայց պետք է ասեմ, որ այս լուսանկարը այդքան հետաքրքրություն չի առաջացնում այստեղի մարդկանց մոտ, և մի օր այն կանհետանա մի դարակում»: Եվ իմ աչքի առջև բացեց դարակը և ցույց տվեց, թե ինչպես է իմ փնտրած լուսանկարը անհետանալու դարակում: Չգիտեմ, թե հիմա որտեղ է այն: Բայց գիտեմ, որ եղել եմ այնտեղ և տեսել եմ այն: 

Ուզում եմ նաև հիշատակել 1963 թվականի փետրվարի 28-ին հայտնված մի գերբնական ամպի մասին: Եթե ճիշտ դիտեք այն, կտեսնեք Տիրոջ աչքերը, դեմքը: Եվ թույլ տվեք ասել, որ այս լուսանկարն արվել է 325 կմ հեռավորության վրա: Ահա 1963 թվականի մայիսի 17-ին տպված «Լայֆ» ամսագիրը, որը ցույց է տալիս նույն լուսանկարը և շատ հստակ ասում… Նրանք գրել են՝ «Մի մեծ խորհրդավոր ամպ»: Այստեղ դոկտոր Ջեյմս Մակդոնալդը գրել է, որ այդպիսի բարձրության վրա ոչ մի խոնավություն չկա ամպ ստեղծելու համար. ոչ մի բացատրություն չի կարող տրվել: Նույն հոդվածը հայտնվեց «Սայընս» ամսագրում, 1963 թվականի ապրիլի 19-ին: Այստեղ նախ ցույց է տրվում, թե ինչպես է հայտնվել այդ ամպը, հետո թե ինչպես է այն ստացել այս ձևը, որը դուք տեսնում եք լուսանկարի վրա: Այդ հոդվածում ասվում է, որ Արիզոնայի հյուսիսում մի վերնոլորտային ամպ, մատանու տեսքով մի արտասովոր ամպ է դիտվել Արիզոնայի հյուսիսում, Սանսեթ սարի մոտ 1963 թվականի ֆետրվարի 28-ին: Եվ տալիս է բոլոր մանրամասները՝ բարձրությունը, լայնությունը, ինչպես նաև հեռավորությունը: 

Սիրելիներ, այս բաները չեն կազմակերպվել Ուիլյամ Բրանհամի կողմից: Ուզում եմ հասկանաք, որ մենք հիմարներ չենք: Մենք չենք հետևում վարպետորեն հնարված առասպելներին: Երբ խոսում ենք Հիսուս Քրիստոսի վերադարձի մասին, պետք է ճշմարիտ վկա լինենք: Մենք պետք է լսած և ճանաչած լինենք ինչ-որ բան: Եթե մենք գիտենք միայն այն, ինչ Աստված արել է անցյալում և չգիտենք, թե ինչ է անում հիմա, ու՞ր ենք մենք: Բայց այսօր ես ձեզ պատմում եմ այս ամենը՝ որպես ճշմարիտ վկա այն բաների, ինչ Աստված արել է իմ սերնդում, իմ ժամանակներում

Այժմ կուզենայի ձեզ համար կարդալ մի բան, որ վերցրել եմ Բրանհամ եղբոր քարոզից, որը նա քարոզել է 1959 թվականի սեպտեմբերի երկուսին: Այստեղ իր իսկ բերանից լսում ենք այս խոսքերը. «Ինչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես Քրիստոսի առաջին գալստյան սուրհանդակ, այնպես էլ քեզ տրված պատգամը սուրհանդակ կլինի Քրիստոսի երկրոդ գալստյան համար»: Այս խոսքերն են դուրս եկել իր իսկ բերանից: Այս խոսքերից անմիջապես հետո նա շեշտեց. «Ոչ թե ես եմ լինելու սուրհանդակը, այլ պատգամը»: Դա շատ կարևոր է: Այս քարոզն արվել է 1959 թվականի սեպտեմբերի երկուսին:

Սիրելիներ, սա շատ կարևոր է ինձ համար, որովհետև 1933 թվականի հունիսի 11-ին, այն բանից հետո, երբ Բրանհամ եղբայրն անցկացրեց իր առաջին ավետարանչական արշավը, մոտ 300 հոգի իրենց կյանքը տվեցին Տիրոջը և պատրաստ էին մկրտության, իսկ ներկա եղող բազմությունը մոտ 4000 հոգի էին: Երբ Բրանհամ եղբայրը կանգնած էր Օհայո գետում, ինչպես Հովհաննես Մկրտիչն էր կանգնել Հորդանանում՝ մեր Տիրոջը մկրտելու համար, երկինքը բացվեց, և Աստծո Հոգին իջավ: Բրանհամ եղբայրը չէր կազմակերպել սա. Աստված էր գործում գերբնական ձևով: Երբ պատրաստվում էր մկրտել 17-րդ մարդուն, ինչ-որ բան կատարվեց. երկինքը բացվեց, և մեծ աստղի նման մի գերբնական լույս իջավ Բրանհամ եղբոր գլխավերևում մի քանի մետր հեռավորության վրա, որը տեսանելի էր ներկա եղող 4000 մարդուն: Ոմանք ուշաթափվեցին: Ոմանք ընկան: Ուրիշները աղոթում էին: Բոլորը տեսան գերբնական լույսը, և նրա միջից մի ձայն ասաց այն խոսքերը, որոնք Բրանհամ եղբայրը կրկնեց քարոզի մեջ. «Ինչպես Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց Քրիստոսի առաջին գալուստը պատրաստելու համար, քեզ տրվել է մի պատգամ, որը կպատրաստի Քրիստոսի երկրորդ գալուստը»: Ո՞րն է պատգամը: Պատգամը Աստծո խոստացված Խոսքն է, ողջ Սուրբ Գրքի հայտնությունը՝ Ծննդոցից մինչև Հայտնություն: Գրված Խոսքը նորից դարձավ բացահայտված, կենդանի Խոսք, ասված Խոսք: Այժմ մենք ապրում ենք փրկության ծրագրի վերջին մասը: 

Որպեսզի իմանաք, սիրելի բարեկամներ, որ ես միայն չեմ խոսում, այլ ասածիս ապացույցներն ունեմ, իմացեք, որ ես շփվել եմ Բրանհամ եղբոր հետ ուղիղ տասը տարի, 1955-1965 թվականներին: Ես ունեմ Ուիլյամ Բրանհամի 23 նամակները: Բոլոր այս տարիների ընթացքում մենք նամակագրություն ենք ունեցել: Ես նրան գրում էի, և նա պատասխանում էր բոլոր այս տարիների ընթացքում: Ահա այս նամակը գրվել է 1964 թվականի մարտին, իսկ վերջինը գրվել է 1965 թվականի նոյեմբերին: Այստեղ նա ասում է. «Սիրելի Ֆրանկ եղբայր, ողջունում եմ քեզ Տիրոջ անունով…»: Ինչու՞ եմ ձեզ այսպիսի փաստաթղթեր ցույց տալիս: Որովհետև կան մարդիկ, որոնք նախանձում են այն բաներին, որոնք Աստված կատարել է իմ փոքրիկ ծառայության միջոցով: Բայց չկա ոչ մի հաջողություն, որը կարողանամ վերագրել ինձ: Ես գիտեմ, թե որքան պետք է փառք տամ մեր Տեր Հիսուս Քրիստոսին: 

1962 թվականին Բրանհամ եղբորը հանդիպելուց անմիջապես հետո ինձ մոտեցավ գերմաներեն լեզվով «Բժշկության ձայն» ամսագրի հրատարակիչը՝ հովիվ Ալբերտ Գոթսը Համբուրգ քաղաքից: Այստեղ տեսնում եք իմ լուսանկարը 1963 թվականի մարտին: Առաջին էջում Ֆրանկ եղբոր լուսանկարն է հետևյալ վերնագրով՝ «Գերբնական փորձառություն»: Այստեղ հոգևոր սովի վերաբերյալ Բրանհամ եղբոր մոտ եղած զրույցի մասին է: Սա պատմություն չէ, որը հնարվել է հետագայում: Ոչ, ես կարող եմ ապացուցել այն, ինչ ասել եմ այս տարիների ընթացքում: Աստծո ճշմարիտ մարդը կարիք չունի պատմություններ պատմելու: Բավարար չափով ճշմարիտ փաստաթղթեր ունենք, բավականին շատ ճշմարիտ փորձառություններ, որոնք կարող ենք վկայակոչել: 

Սիրելինե’ր, այն ժամանակը, որում ապրում ենք, իսկապես շատ կարևոր է: Եվ ես կուզենայի դիմել բոլոր սպասավորներին, բոլոր ավետարանիչներին, բոլոր Աստծո մարդկանց, որոնք հոգեգալստական խմբերում են, Լրիվ Ավետարանի կամ այլ եկեղեցիներում և հարանվանություններում, կամ խարիզմատիկ շարժումներում: Ես այսօր պետք է այս բաներն ասեմ ձեզ, որ ազատվեմ իմ ուսերին դրված պատասխանատվությունից: Աստված իրագործել է Իր խոստումները մեր օրերում: Երկու հիմնական խոստումներ կան. մեկը կատարվեց Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցով, որը խոստացված մարգարե էր ըստ Մաղաքիայի մարգարեության 3-րդ գլխի 1-ին համարի, ինչպես նաև ըստ Ես.40:3 համարի: Բայց կա նաև մեկ ուրիշ խոստում, որը գրված է Մաղաքիա 4-րդ գլխի առաջին համարում. «Որովհետև ահա գալիս է այն օրը, որ վառված է թոնիրի պես»: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է Տիրոջ օրը, կարդացեք Ես.13-րդ գլուխը, Հովել 2-րդ գլուխը, Սոփոնիայի մարգարեությունը, Հին Կտակարանի բազում հատվածները, մինչև Մաղաք. 4:5 համարը. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ»:

Հովհաննես Մկրտչի ժամանակ շնորհքի օրը, փրկության օրը սկսվեց: 2000 տարի անցել է, և Տիրոջ օրը չի եկել: Նաև Նոր Կտակարանում Պենտեկոստեի օրը իր առաջին քարոզի ժամանակ առաքյալը խոսեց Տիրոջ օրվա գալու մասին: Մենք պետք է իմանանք, որ Գործք 2:20 համարում Աստվածաշունչը խոսում է Սուրբ Հոգու հեղման մասին. «Տիրոջ մեծ ու երևելի օրը դեռ չեկած՝ արեգակը խավար կդառնա, և լուսինը՝ արյուն»: Այդ մասին կարող եք կարդալ ողջ Նոր Կտակարանում, որտեղ Պետրոսը կամ Պողոսն են խոսել: 1Թես. 5:1,2 համարներում առաքյալն ասում է. «Բայց այն ժամերի ու ժամանակների մասին, եղբայրներ, ձեզ գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը, ինչպես գիշերվա գողը, այնպես կհասնի»: Այսպիսով, մինչև այն պահը առաքյալն ասում էր, որ Տիրոջ օրը ապագայում է: Դուք պետք է սա հասկանաք, որովհետև Հին Կտակարանի գրեթե բոլոր խոստումները կապված են առաջին և երկրորդ գալուստների հետ, և մենք պետք է հասկանանք Հին Կտակարանի բազմաթիվ խոտումների երկու կիրառումները, որպեսզի հասկանանք, թե ինչպես են դրանք իրականանում Նոր Կտակարանում: Այստեղ մեզ ասվում է, որ Տիրոջ օրը կգա գիշերվա գողի պես: Պետրոսի երկրորդ թղթի 3-րդ գլխում նույնպես առաքյալը խոսում է Տիրոջ օրվա և մեր հանդեպ Նրա համբերության մասին: 2 Պետր.3:8 համարում ասում է. «Բայց այս մեկն էլ ձեզանից ծածուկ թող չլինի, սիրելիներ, որ Տիրոջ մոտ մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր»: Մենք ունենք գրքույկներ, որոնք խոսում են դրա վերաբերյալ: Բայց 2 Պետր.3:10 համարում ասվում է. «Բայց Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա. այն ժամանակ երկինքը շառաչյունով կանցնի, և տարրերը կրակով վառված կհալվեն, և աշխարհն ու նրա վրա եղած բաներն էլ կայրվեն»

Բարեկամներ, Հին և Նոր Կտակարաններում մարգարեները և առաքյալները, բոլորը խոսել են նույն լեզվով: Այսպես, Հին Կտակարանի մարգարեները և Նոր Կտակարանի առաքյալները բազմաթիվ տեղերում խոսել են Տիրոջ օրվա մասին: Նրանք խոսում են փրկության օրվա մասին, բայց նաև Տիրոջ օրվա մասին, որը պետք է գա: Այժմ կուզենայի շեշտը դնել այն բանի վրա, որը Տերն ասաց Մատթ. 17-րդ գլխում: Դա շատ կարևոր է մեզ համար, ես միայն թեթևակի կշոշափեմ Մատթ.17-րդ գլխում գրվածը: Մեր Տերն այստեղ հաստատում է այն խոստումը, ըստ որի նախ Եղիան պետք է գա: Երբ խոսքը վերաբերում է Իսրայելին, միշտ հիշատակվում են երկու մարգարեները: Ինչպես գրված է Հայտնության 11-րդ գլխում, երկու մարգարեները կկատարեն իրենց ծառայությունը Երուսաղեմում երեքուկես տարվա ընթացքում: Բայց երբ խոսքը մեզ է վերաբերում, երբ հեթանոսների ժամանակի վերջն է հասնում, Տերն ասում է. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ»:

Մատթ. 17:10 համարում կարդում ենք հետևյալը. «Եվ Նրա աշակերտները Նրան հարցրին. ‘’Հապա դպիրներն ինչու՞ են ասում. ‘’Առաջ Եղիան պետք է գա’’»: Հարցը վերաբերում էր միայն Եղիային: 

Ոչ թե երկու մարգարեներին, այլ միայն մեկին: Ես շատ եմ սիրում և գնահատում այն, ինչ գրված է 11-րդ համարում. «Հիսուսն էլ պատասխան տվեց նրանց ու ասաց…»: Իրոք, ես քո պատասխանի կարիքը չունեմ, դու էլ իմ պատասխանի կարիքը չունես: Երբ խոսքը վերաբերում է Աստծո թագավորությանը և երբ գործ ունենք Աստծո խոստացված Խոսքի հետ, չպետք է դիմենք որևէ եկեղեցու հոգևորականությանը, կամ որևէ ավետարանչի կամ վարդապետի: Մենք պետք է դիմենք Աստծո Խոսքին: Մեզ պետք է այն պատասխանը, որը դուրս է գալիս Հիսուս Քրիստոսի բերանից, և մենք լսում ենք, թե ինչ հրաշալի և փառավոր ձևով է Սուրբ Գիրքը մեզ ասում. «Իրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստատելու է»:

Սիրելի եղբայրներ, որ ծառայության մեջ եք աշխարհով մեկ, հատկապես դուք, որ Լրիվ Ավետարանի կամ խարիզմատիկ շարժման շարքերում եք, գիտեմ, որ դուք լավ մտադրություններ ունեք և ձեր ողջ հնարավորությունը օգտագործում եք Աստծուն ծառայելու և Սուրբ Հոգու շարժում բերելու համար: Բայց թույլ տվեք ձեզ ասել, որ մեր ժամանակը վերջացել է: Քրիստոսի գալուստը մոտ է: Հիմա Աստծո ժամանակն է Աստծո ժողովրդի համար: Դուք պետք է հաղորդակից լինեք այսօրվա համար խոստացված Աստծո Խոսքին: Սիրելիներ, եթե դուք փորձում եք անտեսել բոլոր այն գերբնական հաստատումները, որ Աստված արել է Բրանհամ եղբոր կյանքում և ծառայության մեջ, եթե վկայակոչում եք ձեր ծառայության մեջ կատարված բաները՝ արդարացնելու համար ինքներդ ձեզ, ձեր ուսմունքները, ձեր ճանապարհները, գործերը… Սիրելի եղբայրներ, ես ձեզ պետք է ասեմ, որ այն օրը շատերը կգան Տիրոջ մոտ և կասեն. «Տե’ր, Տե’ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք ու Քո անունով դևեր հանեցինք, Քո անունով շատ հրաշքներ գործեցինք»: Իսկ ի՞նչ կպատասխանի Տերը. «Ինձանից հետացեք, ո’վ անօրենություն գործողներ»

Սիրելիներ, սա Աստծո ժամանակն է ձեզ համար, ձեր միջոցով Աստծո ժամանակն է Աստծո ժողովրդի համար: Կատարյալ վերականգնման ժամանակն է, առաքյալների և մարգարեների ճշմարիտ հիմքին վերադառնալու ժամանակն է: Իսկ Ուիլյամ Բրանհամը՝ մեր սերնդի համար խոստացված Աստծո մարգարեն, մեզ վերադարձրել է առաքելական հիմքին, որի վրա կառուցված է ճշմարիտ եկեղեցին, որի Անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է՝ Առաջինը և Վերջինը, Ալֆան և Օմեգան: Սկսողը Նա է, ով նաև պիտի ավարտի: Այս ժամանակը նման է այն ժամանակին, երբ Եղիան վերցրեց տասներկու քարեր ըստ տասներկու ցեղերի և վերակառուցեց Տիրոջ զոհասեղանը: Նույն կերպ Ուիլյամ Բրանհամը վերցրեց տասներկու առաքյալների վարդապետությունը՝ կենդանի Աստծո եկեղեցում ամեն բան վերականգնելու համար: Նա ուներ առաքելական և մարգարեական վերականգնված ծառայություն: Կրեֆելդում կան հարյուրավոր ձայներիզներ, որոնք կարող եք լսել, կարող եք դիտել վկայությունները, կարող ենք անձամբ համոզվել: Եվ հուսով եմ, որ դա ձեզ կհուզի: Խնդրում եմ ձեզ, մի անտեսեք այն, ինչ Աստված է արել

Ես պետք է հասնեմ եզրափակմանը: Ինձ համար մեծ առանձնաշնորհում է տալ այս վկայությունը որպես ճշմարիտ վկա, վկայել ոչ միայն այն բաների մասին, որոնք Աստված արել է հիսունական և վաթսունական թվականներին, այլև այն բաների մասին, որոնք Աստված անում է այն ժամանակից ի վեր ողջ աշխարհում: Ես չեմ չափազանցնում: Միլիոնավոր հավատացյալներ հավատում են Աստծո բացահայտված Խոսքին, միլիոնավոր մարդիկ ընդունել են ժամի պատգամը: Ես ինքս ավելի քան 6500 քարոզներ եմ արել, անցել եմ 4,8 միլիոնից ավելի կիլոմետրեր և այցելել եմ 130-ից ավելի երկրներ: Իսկ Բրանհամ եղբոր քարոզները և գրքերը արդեն թարգմանված են և հրատարակված են մեր միսիոներական կենտրոնում՝ Կրեֆելդում ութ տարբեր լեզուներով: Եվ ինձ Աստված հնարավորություն է տվել քարոզելու չորս տարբեր լեզուներով, տվել է ինձ հատուկ առանձնաշնորհում ներկայացնելու Իրեն և այն, ինչ Նա անում է Սուրբ Գրքի համաձայն: Շատ կարևոր է հավատալ ամեն ինչին այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում: 

Սիրելիներ, նորից դիմում եմ բոլոր եղբայրներին, որոնք ծառայության մեջ են աշխարհով մեկ: Դիմում եմ Բեռլինում գտնվող իմ սիրելի բարեկամներին՝ Էժեն Բըրդին, Հյուման Պատենին, Ամերիկայում գտնվող մեր սիրելի եղբայրներին, Ֆրանկլին եղբայրներին և մյուս բարեկամներին և եղբայրներին: Սիրելիներ, ժամանակը հասել է, և մենք պատրաստ ենք ողջ ճանապարհը գնալ Աստծո հետ: Մենք պատրաստ ենք ընդունել խրատը, պատրաստ ենք հնազանդվել: Մենք պատրաստ ենք հարմարվել ողջ Սուրբ Գրքին: Ես չէի ուզենա լինել մի քարոզիչ, որը քարոզում է մյուս քարոզիչներին: Բայց հասկացեք, սիրելիներ, որ ես դարձել եմ այս վերջին ժամանակների համար Աստծո ծրագրի մի մասը: Նույնն արել են մեր սիրելիներից շատերը աշխարհով մեկ՝ մեր սիրելի Փիրի Գրին եղբայրը Արիզոնայի Թուսոնից, մյուս սիրելի եղբայրները Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, մեր սիրելի Սիըլ եղբայրը Նոր Զելանդիայից, մեր սիրելի Սիդնի Ջեքսոն եղբայրը հարավային Աֆրիկայից…

Տարբեր երկրներում եղել են եղբայրներ, որոնց Աստված օգտագործել է, որոնց Աստված ցույց է տվել կատարված դեպքերը ըստ խոստացված Խոսքի: Թույլ տվեք անել այս վերջնական հայտարարությունը. երբ ձեզ համեմատում եմ, սիրելի ավետարանիչներ և քարոզիչներ, Ուիլյամ Բրանհամի հետ, թույլ տվեք խոնարհությամբ և անկեղծությամբ անել այս հայտարարությունը. «Նա խոստացված մարգարե էր, ինչպես Հովհաննես Մկրտիչը»: Աստված կատարել է պատմությունը, Աստված 1946 թվականին Ուիլյամ Բրանհամի միջոցով սկսել է բժշկության և վերականգնման զորավոր արթնություն: Առաջին տարիներին նա մենակ էր, միայն 48,49, 50 թվականներից հետո շատերը ներշնչվեցին նրա ծառայությամբ: Այսպիսով, սիրելիներ, դուք, որ հաղորդ եք Ուիլյամ Բրանհամի միջոցով գերբնականորեն սկսված ծառայությունների օրհնություններին, չե՞ք ուզում վերադառնալ և տալ այս հարցը. «Ո՞րն էր և ո՞րն է իմ ճանապարհին և իմ սերնդի մեջ Աստծո ուղարկած ծառայության նպատակը»: Անշուշտ, մենք չպետք է անտեսենք այդ նպատակը, այլ պետք է հարցնենք. «Տեր, ի՞նչ ես հիմա Դու անում այս ժամանակների համար խոստացված Խոսքի համաձայն»:

Սիրելինե’ր, ժամանակը հասնում է իր ավարտին, և ես շատ բաներ կարող եմ ձեզ ասել աստվածաշնչյան մարգարեությունների իրագործման վերաբերյալ: Ես ապրում եմ այս մայրցամաքում, շփվում եմ Երուսաղեմի հետ, հաղորդակից եմ այն ամենին, ինչ կատարվում է Կենտրոնական Եվրոպայում աստվածաշնչյան մարգարեությունների համաձայն: Բայց գլխավորն այն է, ես կարող եմ այդ ասել խոնարհությամբ, Աստծո շնորհքով, որ ես հաղորդակցվում եմ Աստծո հետ Իր Խոսքի և Սուրբ Հոգու միջոցով: Այսպիսով՝ ինձ տրված աստվածային հանձնարարության համաձայն, ես փափագում եմ Աստծո բացահայտված Խոսքը բաժնեկցել ձեզ հետ: 

Ինչպես Ամովս մարգարեն է ասել. «Ահա օրեր են գալիս, ասում է Տեր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ ջրի ծարավ, այլ Տիրոջ Խոսքը լսելու»: Ոչ թե մեկնություններ կամ բացատրություններ լսելու, այլ Աստծո հավիտենական Խոսքը լսելու ծարավ: Մենք Աստծո Խոսքի կարիքը ունենք: Նաև Նա ասում է Մատթ.24:45-47 համարներում, որ մեզ կդնի իր ողջ ունեցվածքի վրա՝ կերակուր տալու համար: Աստված միշտ մի մարդու է օգտագործել, բայց օգտագործում է նաև շատերին՝ նույն ծառայությանը հաղորդ լինելու համար: Ինչպես Պողոսը առանձնահատուկ կերպով ընտրված էր, այնպես էլ շատ ուրիշներ հաղորդ էին լինում այդ ծառայությանը: Եվ այսօր էլ մենք հաղորդ ենք այն բաներին, ինչ Աստված տվել էր նրան: Նույն կերպ Աստված օգտագործել է Բրանհամ եղբորը: Ես օրհնվել եմ նրա ծառայությամբ, բայց անմիջապես Տիրոջ կողմից եմ կանչվել: Այսպիսով՝ իմ կապը Տիրոջ հետ է Իր Խոսքի և Իր Հոգու միջոցով, ժամի պատգամի և պատգամաբերի հետ: Այսպիսով՝ Աստծո շնորհքով հնարավոր էր մնալ կատարյալ ներդաշնակության մեջ Սուրբ Գրքի և ժամի պատգամի հետ, որը Աստծո խոստացված և բացահայտված Խոսքն է, որը մեր օրերում հասնում է իր իրագործմանը: Թող, որ դուք կարողանաք օգտվել այս հնարավորությունից, որ Աստված տվել է ձեզ: Եվ թող աշխարհի բոլոր ազգերը օրհնվեն, և Հիսուս Քրիստոսի Հարսը կանչվի դուրս գալու, զատվի այն ամենից, ինչ ճշմարիտ չէ: Թող հարթվի Աստծո ճանապարհը: Թող շտկվի այն ամենը, ինչ աղավաղված է, թող ամեն վարդապետություն, ամեն գործ, ամեն բան, որ ճշմարիտ չէ, մի կողմ թողնվի, թող մարդիկ հարմարվեն Աստծո Խոսքին իր սկզբնական ձևով: Վերադարձեք Աստծուն և վերականգնվեք: 

 

Իսկ մենք, որպես սպասավորներ, երբ նորոգվենք, Աստված մեզ կօգտագործի վերականգնելու Հիսուս Քրիստոսի Հարսին ամբողջությամբ: Նրա գալուստը մոտ է, ինչպես Նա խոստացել է Հովհ.14-րդ գլխում. «Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, նորից կգամ…»: Ինչպես գրված է Գործք 1:11 համարում. «Այս Հիսուսը… նույն ձևով կգա, ինչպես որ Նրան տեսաք երկինք գնալիս»: Ղուկ. 24:50,51 համարներում աշակերտները տեսան, որ Նա ֆիզիկապես երկինք գնաց, նույն կերպ պիտի վերադառնա: Դուք օրհնված եք, եթե կարող եք ճանաչել Աստծո օրհնության ժամանակը: Եթե կարողանաք հասկանալ խոստացված մարգարեական ծառայությանը նպատակը, որը կարգադրվել էր Աստծո կողմից մեր օրերի համար, Տեր Աստվածը, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը ձեզ հետ կլինի: Թող Նա օրհնի ձեզ: Թող Նա օգտագործի ձեզ զորավոր կերպով: Սա է իմ աղոթքը: Եվ կուզենայի լսել ձեզ, լուրեր ստանալ ձեզանից Հիսուս Քրիստոսի սուրբ անունով: Ամեն: